«Անձնապես շատ ծանր եմ տանում»․ Փաշինյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվով ՀՀ-ի հետընթացի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջով։
Այս մասին նա այսօր հայտարարեց խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Շատ մտահոգված եմ, ու իմ վերաբերմունքն այն չէ, որ այդտեղ վիճակագրության սխալ կա։ Մեր քաղաքականությունն այն է, որ, չնայած բոլոր սխալներին, բարձր վարկանիշներում պետք է ունենանք առաջընթաց: Եթե կա հետընթաց, ուրեմն մի բան սխալ է գնացել: Այդ թեմայով մի քանի քննարկումներ ունեցել եմ, վաղը Կառավարության նիստում էլ քննարկում ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի ցուցանիշի վրա ազդել են նաև լրատվամիջոցների հրապարակումները պաշտոնատար անձանց գործարքների մասին։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների սխալ հրապարակումները չպետք է անարձագանք մնան:
Փաշինյանը նկատեց՝ կան քրեական գործեր, որոնք չորս տարի շարունակ հարուցված են, բայց առաջընթաց չկա, կան դատական գործեր, որ երկար ժամանակ քննվում են ու հասնում մի կետի, երբ գործ ունենք վաղեմության ժամկետի հետ։ Ըստ երկրի ղեկավարի՝ սա շատ լուրջ խնդիր է:
Նա նաև հիշեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու պայքարելու են, բայց կան հարկային ու մաքսային մարմինների ծառայողներ, քաղաքապետարանների ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, որոնք ձերբակալվում են կոռուպցիոն մեղադրանքներով, և ամեն շաբաթ նման դեպք է գրանցվում։