
Հայաստանի բռնցքամարտիկները այսօր կսկսեն պայքարը հավաքականի ուղեգրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր կմեկնարկի Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, մրցաշարին հայտավորվել են 95 մարզիկ և 14 մարզուհի:
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնարկից առաջ նշել է, որ առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական նոր թիմը, որը փետրվարի 19-ին Սոֆիայում կմասնակցի «Ստրանջայի գավաթ» միջազգային ավանդական մրցաշարին: Այնուհետև կաշվե ձեռնոցի մեր վարպետները կմեկնեն Սերբիա և կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անվանումը կրող միջազգայինում: Այդ ստուգատեսների արդյունքներով կորոշվեն այն բռնցքամարտիկները, որոնք մեր երկիրը կներկայացնեն մայիսի 1-15-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Հայաստանի առաջնության արդյունքները մեծ նշանակություն ունեն նաև կանանց հավաքականի ընտրության հարցում: Նրանց առաջին մրցելույթը «Դինամոյում» կլինի փետրվարի 2-ին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը փետրվարի 7-ին ուսումանամարզական հավաք կսկսի հանրապետության 12 լավագույն մարզուհիների մասնակցությամբ: Օլիմպավանում նրանք կպատրաստվեն Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում մարտի 15-ին սկսվելիք աշխարհի առաջնությանը: Նախատեսվում է մրցավայր ուղղարկել 6 մարզուհի:
Հարկ է նշել, որ տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններում չեն վիճարկվելու Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Փոխարենը կխաղարկվեն հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերի ուղեգրեր: