Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ հիշեցնում է Սպենդիարյանին (տեսանյութ)

Մշակույթ
b2034deae847cb62411dfa6d8dd2bc72

Այս տարի լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակը: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի համոզմամբ` միայն հոբելյանական տարում չի, որ պետք է հատուկ ուշադրության արժանացնել հայ դասական երաժշտության հիմնադրին, արժևորել նրա գործն ու հիշատակել: Սա պետք է անել ամեն օր և ամեն տարի:

30 տարիների սպասումից հետո Սպենդիարյանի տուն- թանգարանն այս տարի վերջապես ընդգրկվել է քաղաքաշինության հիմնանորոգման ծրագրում, և թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հուսով է, որ ի վերջո կլուծվի ֆոնդերի պահպանման կարևորագույն խնդիրը:

Ըստ տնօրենի` նորոգումից հետո թանգարանը կունենա նոր ցուցադրություն, կվերարժեքավորի և նորովի կներկայացվի հայ դասական երաժշտության հիմնադրման ու զարգացման գործում ունեցած Սպենդիարյանի անգնահատելի ավանդը:

Հիշեցնենք, որ ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծով, 1925 թվականին Նալբանդյան փողոցի վրա կառուցված շենքի այն բնակարանում, որտեղ Սպենդիարյանն ապրեց կյանքի վերջին տարիներին` 1926-1928 թվականներին ու գրեց առաջին հայ դասական օպերան` "Ալմաստն" ու "Երևանյան էտյուդները" Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի որոշմամբ և կոմպոզիտորի դուստր Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1967-ին բացվեց տուն-թանգարան: Այստեղ ցուցադրված են կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերն ու նամակները, նոտաներն ու ձեռագրերը, դաշնամուրը, ջութակն ու աշխատասեղանը, որի վրա մշտապես եղել են սիրելի կնոջ լուսանկարն ու մի կարմիր վարդ։

Թանգարանի առանձնակի հպարտությունն են կոմպոզիտորի իր կաշվե գոտուց և 12 բրոնզե զանգակներից պատրաստած երաժշտական գործիքը, որը «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերում` ազդարարարում էր քարավանի երթը, եւ որը Ռիմսկի-Կորսակովն էլ կատակով անվանել էր «Սպենդիարաֆոն», ինչպես նաեւ 1933թ-ի հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության միակ պահպանված ազդագիրը։


Հոբելյանայան տարում նաև կփորձեն մեկտեղել և ամբողջացնել կոմպոզիտորի արխիվն ու ստեղծագործական ժառանգությունը տուն-թանգարանում: Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը ֆոնդերից հանձնել է 14 թանգարանային առարկաներ Սպենդիարյանի տուն- թանգարանին:

Թանգարանը տարեկան ունի 2000-3000 այցելու, որոնք հիմնականում դպրոցականներ են, ուսանողներ, հազվադեպ էլ` զբոսաշրջիկներ: Սակայն սա տնօրենի կարծիքով բոլորովին էլ զարմանալի չի, քանի որ, ի տարբերություն, օրինակ, Թումանյանի կամ մեր գրողներից շատերի, որոնց ստեղծագործությունները հասու են փոքրերին ու մեծերին, հասարակ մարդկանց ու ակադեմիկոսների, Սպենդիարյանի արվեստը բարձր արվեստ է և ոչ բոլորին հասու:

Ինչ վերաբերում է հոբելյանական տարվա միջոցառումներին` դրանք տոնելու են մեկ տարի անընդմեջ` նոյեմբերից - նոյեմբեր:
Հոկտեմբերի վերջին օրերին, կոմպոզիտորի ծննդյան օրվա` նոյեբերի 1-ի նախաշեմին կանցկացվի առաջին համահայկական գիտաժողովը:
Կանցկացվեն նաև արդեն ավանդական դարձած միջոցառումները`մասնավորապես «Ռոմանսի երեկոները», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» ծրագիրը և «Պատանի սպենդիարանականների երդման» գեղեցիկ արարողությունը, որն, ի դեպ այս տարի կնշի իր 15-ամյակը:

2012-ին, նոր ցուցադրությամբ վերաբացված թանգարանում նախատեսվում է անցկացնել "Երևանյան էտյուդներ" խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես: