Հայտնի է դպրոցականների շախմատի օլիմպիադայի ժամանակացույցը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ դպրոցականների շախմատի թվով 17-րդ օլիմպիադան կանցկացվի չորս փուլով։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 14 տարեկան դպրոցականները։ Այն անցկացվում է թիմային հաշվարկով։ Թիմը պետք է բաղկացած լինի 4 աշակերտից, որոնցից մեկը պետք է լինի աղջիկ։
Առաջին փուլում ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցները պետք է անցկացնեն ներդպրոցական մրցումներ՝ հավաքական թիմ ընտրելու նպատակով։ Դրանք կանցկացվեն փետրվարի 1-ից մինչև 20-ը։
Երկրորդ փուլը համայնքային է։ Անցկացվելու է մեկ ընդհանուր թիմային մրցաշար։ Այդ մրցումները կկայանան ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը (Երևան քաղաքի դպրոցների համար՝ մարտի 1-20-ը)։ Յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալու 3-րդ՝ մարզային փուլ, որը կանցկացվի մայիսի 20-30-ը։
Եզրափակիչ փուլ կմտնեն 3-րդ փուլում հաջող հանդես եկած Երևանի երեք և մարզերի ու ԼՂՀ-ի մեկական թիմեր։ Օլիմպիադայի հաղթողը կորոշվի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 9-ը կայանալիք եզրափակիչ մրցաշարում։
Նշենք, որ օլիմպիադայի առաջին փուլը կանցկացվի դպրոցներում, իսկ 2-4-րդ փուլերը կկայանան Հայաստանի շախմատի ակադեմիայում։