Խնդիրը ռուսական կողմի որոշակի վերապահումների մասին էր․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԵՄ դիտորդները պետք է տարածաշրջան գան, և մենք ամեն ինչ կանենք, որ հնարավոր լինի դիտարկել Լաչինի միջանցքը»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Հարցին, թե ինչու ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի բանաձև ընդունվի Լաչինի միջանցքի հետ կապված, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Խնդիրը ռուսական կողմի որոշ վերապահումների մասին էր։ Այժմ փորձում ենք համադրել կարծիքները Անվտանգության խորհրդում, որպեսզի ՌԴ-ն նույնպես այդ դիրքորոշումը պաշտպանի։ ՌԴ-ն ավելի մեծ ցանկություն ունի, որ ռուս խաղաղապահներ մնան և միջանցքը վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից»։
Անդրադառնալով վերջին օրերին Արցախի ներքաղաքական իրավիճակին, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Արցախին պետք է կայունություն և ճիշտ չի լինի այժմ գնալ արտահերթ ընտրությունների, իսկ թե ինչպես է վերաբերվում Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին, Բագրատյանը նշեց․ «Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը կոնկրետ աշխարհաքաղաքական առաքելություն ունի իրականացնելու և այդ ուղղությամբ իր քայլերը կանոնակարգում է»։
Հարցին, թե ինչու չկնքվեց Խաղաղության պայմանագիր Ադրբեջաանի հետ, քանի որ նախանշվել էր մինչև 2022 թվականի վերջը, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը ինչ-որ սպասելիքներ ունի ավելի դրական վիճակ ունենալու և նոր պայմանագիր կնքելու։ Բնականաբար այստեղ աշխարհաքաղաքական կոնտեքստը պետք է նայենք, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում ինչպես են յուրաքանչյուրը դիրքավորվել՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցվել է Զանգեզուրի միջանցքի հարցը, որը մեր քաղաքական իշխանությունները պատասխանել են, որ դա բացառված է։ Այստեղ պետք է գտնել ուշացման պատճառները»։
Մանրամասները՝ տեսանյութում