Ո՞վ կշահի. Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետքերով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում էլեկտրաէներգիայի շուկան մեկ տարի է՝ ազատականացված է։ Նախկինում սպառողներին էլեկտրաէներգիան վաճառում և բաշխում էր միայն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» Փակ բաժնետիրական ընկերությունը։ Ներկայումս արդեն գործունեությունն են ծավալում էլեկտրաէներգիա գնող և վաճառող այլ ընկերություններ՝ գնորդին հնարավորություն տալով համեմատել վաճառվող էլեկտրաէներգիայի գինն ու առաջարկվող պայմանները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը նշում է․ «Մենք հնարավորություն տվեցինք սպառողներին դեռևս 2022 թվականին հայտնվել էլեկտրաէներգետիկ շուկայում, որոշում կայացնել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության փոխարեն ընտրել այլ մրցակցային մատակարարների, իսկ խոշոր սպառողների դեպքում անգամ հայտնվել մեծածախ շուկայում, իսկ դա ենթադրում է օրինակ էլեկտրական էներգիան գնել անմիջապես արտադրող կայաններից»։
Շուկայի ազատականացումը կատարվում է դեռեւս 2018 թվականին մեկնարկած էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների շրջանակում։ Այն իրականացվում է ոլորտում մենաշնորհի վերացման և հնարավորինս արդարացի գնագոյացման նպատակով։ Սա չի ենթադրում շուկայի զարգացման արդյունքում էլեկտրաէներգիայի էժանացում՝ մասնավորապես բնակիչ-բաժանորդների համար, այլ՝ պարզապես արդարացի գնագոյացման մեխանիզմի ներդրում։
2023թ –ի փետրվարի 1-ից ազատականացված շուկա մուտք գործելը պարտադիր է 110 և ավելի կիլովոլտ լարմամբ, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրական ցանցերից և անմիջապես էլեկտրական կայաններից սնվող այն բաժանորդների համար, որոնք տարեկան առնվազն 1 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա են սպառում։
ՀԷՑ-ը կմնա որպես միակ բաշխող ընկերությունը, որը կշարունակի էլեկտրաէներգիա վաճառել՝ որպես երաշխավորված մատակարար, այլ ընկերությունների հետ միասին։
Ընկերությունը ստանձնել է շուկայից դուրս գտնվող բոլոր բաժանորդների էլեկտրամատակարարման պարտավորությունը:
Այսինքն՝ ՀԷՑ-ի հետ պայմանագիր ունեցող ոչ մի բնակիչ-բաժանորդի կամ ցածր լարմամբ սնվող այլ սպառողի մոտ առաջիկա տարիներին իրենց ցանկությունից անկախ փոփոխություն չի լինելու։ Ներկայումս ՀԷՑ-ի կողմից մատակարարվում է էլեկտրաէներգիայի 85 տոկոսը:
Այլ մատակարարի հետ պայմանագիր կնքելուց հետո սպառողը կարող է կրկին դառնալ ՀԷՑ բաժանորդ։ Բայց այս դեպքում կլինեն պայմանների փոփոխություններ։
«Եթե սպառողը ընտրի այլ մատակարար, այնուհետև ցանկանա նորից օգտվել ՀԷՑ-ից, նրա համար կգործեն 0,4 կիլովոլտ/կՎ/ սպառում ունեցող այլ սպառողների համար գործող սակագները, որոնք ամենաբարձրն են», - ասվում է ՀԷՑ ընկերության տրամադրած գրավոր պատասխանում։
Ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է, ժամային հաշվառման անցնելն է, քանի որ էլեկտրաէներգիան սպառվում է հենց նույն պահին, երբ արտադրվում է։
Մինչ այս՝ հաշվառումը տեղի է ունեցել ամսական ձեւաչափով, այսինքն` հաշիվը դուրս է գրվել ամսվա կտրվածքով, համաձայն դրա էլ արվել վճարումը։
Ազատականացված շուկայում ժամային գրաֆիկով առևտուրը իրականացվելու է օնլայն հարթակի` շուկայի կառավարման ծրագրի միջոցով, որի պատասխանատուն շուկայի օպերատորն է։
Շուկայի օպերատորի տեխնիկական տնօրեն Գագիկ Ղազարյանը նշում է․ «Շուկայի օպերատորը իրականացնում է 2 հիմնական գործառույթ, էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրային կետերի հաշվառման իրականացում, համապատասխան հաշվառման ավտոմատ համալիրների միջոցով, և՛ շուկայի հարթակի, շուկայի կառավարման ծրագրի սպասարկում, և՛ հարթակում շուկայի մասնակիցների միջև առևտրի իրականացման ապահովում»։
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ազատ շուկայի անցումը մեծացնում է տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունները։ Բացի այդ բարեփոխումը կնպաստի վերականգնվող էներգետիկ աղբյուրների ավելացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support