Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին (տեսանյութ)

Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․ «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում: Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենիշային մոտեցումը՝ «հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Պարո՛ն նախագահ, Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում ներկայացնեի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։ Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։ Ցավոք, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։ 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմանական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը: Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները, և հանգեցնելով միջպետական և ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։ https://a1plus.am/hy/article/447983