Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ստորագրվել է համաձայնագիր․ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կայցելեն նաև ID քարտերով (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը ներկայացրեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում: Գործնականում ևս պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր համապատասխան գործընկերային գերատեսչությունների միջև: Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել: Համավարակի ընթացքում հետընթաց է արձանագրվել, և, կարծում ենք, առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- նկատեց Միրզոյանը:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:

«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետները ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծն եմ ներկայացնում»,- նշեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այսուհետև սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն՝ անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու»: