Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Ուզի դա Հայաստանը, թե ոչ՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է. Ալիևը կրկին սպառնացել է

Հայաստանը փորձում է խույս տալ «Զանգեզուրի միջանցքի» բացումից, բայց անկախ նրա ցանկությունից, այդ միջանցքը բացելու է: «Առավոտի» փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արձանագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: «Այո, այնտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» բառը, քանի որ «Զանգեզուրի միջանցք» եզրը ես եմ դրանից հետո ներմուծել աշխարհաքաղաքական բառապաշար: Բայց այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ ձևավորվի Ադրբեջանի արմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է այն ապահովի: Հայաստանը փորձում է խույս տալ դրանից, փաստացի, ավելի քան երկու տարի չի կատարում ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի: Մեզ համար դա ռազմավարական նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը տրանսպորտային շուկայում վերածվել է շատ լուրջ դերակատարի, և Զանգեզուրի միջանցքի իրականացումը պատմական անհրաժեշտություն է:

«Հետևաբար, ես ասել եմ, որ, ուզում է դա Հայաստանը, թե ոչ՝ այն [«Զանգեզուրի միջանցք» նախագիծը] կիրականացվի: Հայաստանում դա կրկին ընկալում են որպես հերթական սադրանք, չնայած որ նման միտք չի եղել, պարզապես դա անխուսափելի է»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ իրենք կցանկանային, որ դա հնարավորինս արագ լիներ:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական նախագիծ է: Եվ մենք համոզված ենք, որ այդ նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի տնտեսական արդյունավետությունը ոչ մեկի մոտ չպետք  կասկած առաջացնի»: