Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+bejl
A A
Սպորտ

Գարեթ Բեյլը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Ուելսի ֆուտբոլի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

«Երկար մտածելուց հետո ես հայտարարում եմ իմ ակումբային և միջազգային կարիերայի ավարտի մասին: Աներևակայելի բախտավոր եմ, որովհետև իրականացել են իմ երազանքները և զբաղվել եմ այն սպորտով, որը սիրել եմ: Այժմ անցնում եմ իմ կյանքի նոր էջին: Նոր փոփոխությունների և արկածների հնարավորությունների ժամանակն է», - գրել է 33-ամյա հարձակվողը։

Գարեթ Բեյլի կարիերայի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Լոս Անջելեսը»։ Նախկինում նա հանդես է եկել անգլիական «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում», Մադրիդի «Ռեալում»: Իսպանական ակումբի կազմում ուելսցի ֆուտբոլիստը հինգ անգամ դարձել է ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Գարեթ Բեյլն Ուելսի հավաքականում անցկացրել է 109 հանդիպում և խփել 41 գոլ, որի կազմում դարձել է Եվրո-2016-ի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Ուելսի ազգային թիմը Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում: