Մագնուս Կառլսենը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, որը հետո 3 հաղթանակ տարավ
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց մրցաշարում կայացած 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գխավորում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Արջուն էրիգայշին և Յորդեն վան Ֆորեստը: Հայաստանից առավել հաջող մեկնարկել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր և բաժանում են 15-38-րդ տեղերը: Ի դեպ, Սամվել Տեր-Սահակյանը մեկնարկում պարտվել էր Մագնուս Կառլսենին, սակայն նա հետո տարավ երեք անընդմեջ հաղթանակ և մոտեցավ առաջատարներին:
Կանանց առաջնությունում կայացած 4 տուրից հետո աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Վալենտինա Գունինան: Նրանից կես միավոր քիչ են վաստակել հինգ շախմատիստուհի, այդ թվում մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Աշխարհի և Եվրոպայի Մ-18 չեմպիոն Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով զբաղեցնում է 34-րդ տեղը:
Վաղը երկու մրցաշարերում կկայանան հերթական չորս տուրերը: Կանանց առաջնությունում էլինա Դանիելյանը կհանդիպի հնդկուհի Հումպի Կոներուի հետ: Տղամարդկանց մրցումներում լուրջ մրցակից է բաժին հասել Շանթ Սարգսյանին՝ հանձինս փորձառու Ալեքսանդր Գրիշչուկի:
Հավելենք, որ երկու առաջնություններին մասնակցում են 42 երկրի 276 ներկայացուցիչ, այդ թվում 163 գրոսմայստեր: Առաջնության մրցանակային հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է: