Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մասնակից

Սպորտ
dcd967de4a25c5501b288951b20203a4

Ծանրամարտի 2011 թ Եվրոպայի առաջնության կանանց մրցումներին Հայաստանից կմասնակցեն երեք մարզուհիներ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

«2011 թ Եվրոպայի առաջնությանը կնախապատրաստվեն Էլեն Գրիգորյանը, Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանին, ապա նա դեռ լիարժեք չի ապաքինվել նախկին վնասվածքից, ուստի չենք ցանկանում ռիսկի դիմել»,-ասաց նա:

Արտաշես Ներսիսյանը հավելեց, որ իրենց գլխավոր նպատակը 2012 թ օլիմպիական խաղերն են, իսկ դրա համար նախ հարկավոր է հաջողությամբ հանդես գալ 2011 թ աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին, Փարիզում:

«Անցած տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 2012 թ օլիմպիական խաղերի 4 տեղ: Սակայն այս տարվա առաջնությունում մենք պետք է հաստատենք այդ տեղերը, ուստի այժմ ավելի շատ մտածում ենք այդ մրցումների մասին: Առաջնությանը կմասնակցենք լրիվ կազմով` 5 հոգով»,-ասաց նա:

Կանանց հավաքականի գլխավոր մարզչին ուրախացնում է այն փաստը, որ հանրապետությունում գնալով ավելի շատ աղջիկներ են ցանկանում մարզվել ծանրամարտով.
«Այսօր կայացած Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 27 մարզուհիներ, ինչը երկու անգամ շատ էր, քան նախորդ տարի: Բացի այդ առաջին անգամ մեդալներ խաղարկվեցին բոլոր 7 քաշային կարգերում»:

Խոսելով առաջնությունում ցույց տված ոչ բարձր արդյունքների մասին` Արտաշես Ներսիսյանը ասաց, որ այժմ դրանց վրա պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, քանի որ մարզուհիները դեռ չեն հասել իրենց մարզավիճակի գագաթնակետին: