Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Քաթար-2022. ֆուտբոլի աշխարհի ամենասկանդալային առաջնությունը

Այսօր Քաթարում եզրագիծը կհատի ֆուտբոլի աշխարհի թվով 22-րդ առաջնությունը: Եզրափակիչում կհանդիպեն աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները: Սակայն, ֆուտբոլային մասնագետներն ու էքսպերտներն արդեն որոշ չափով ամփոփել են ածխարհի ընթացիկ առաջնությունը:

Նախ, Քաթար-2022-ն առանձնացավ բազում սկանդալային պատմություններվ: Առաջինն այն էր, որ Քաթարի կառավարությունը 2015թ ՖԻՖԱ-ին ստիպեց փոխել առաջնության անցկացման ժամկետը՝ այն ամռան ամիսներից տեղափոխելով աշուն-ձմեռ: Դա, բնականաբար, դժգոհության ալիք բարձրացրեց առաջատար ֆուտբոլային տերություններում, որոնք ոչ մի կերպ չէին պատկերացնում, թե ինչպես են ընդմիջում հայտարարելու ազգային առաջնությունում: Սակայն, ՖԻՖԱ-ին հաջողվեց համոզել բոլոր ընդդիմադիր ֆեդերացիաներին և մրցաշարն առաջին անգամ անցկացրեց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Երկրորդ սկանդալը ծագեց առաջնության մեկնարկից երկու օր առաջ, երբ Քաթարի կառավարությունը կտրականապես արգելեց գարեջրի վաճառքը մարզադաշտերում, չնայած այն ՖԻՖԱ-ի հետ նախապես համաձայնության էին եկել այդ հարցում: Ճիշտ է, քաթարցիները, այնուամենայնիվ, թույլ տվեցին գարեջրի վաճառքը ֆան գոտիներում: Սակայն, աշխարհի առաջնությանը գարեջուր մատակարարող ընկերություններն արդեն 75 մլն դոլարի վնաս են կրել:

Քաթարը ՖԻՖԱ-ին չընթառաջեց նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում և թույլ չտվեց եվրոպական մի շարք հավաքականների ավագներին ներկայանալ ծիածանագույն թևկապներով, իսկ դանիացիներին արգելեցին մարզումների ժամանակ կրել «Մարդու իրավունքները բոլորի համար են» կոչով մարզաշապիկներ: Նման որոշմանն յուրահատուկ ձևով արձագանքեցին գերմանացի ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղից առաջ թիմով լուսանկարվելիս ձեռքով փակել էին իրենց բերանները: Սակայն, դա լուրջ տարաձայնություն էր առաջացրել հենց Գերմանիայի ընտրանու ներսում, քանի որ որոշ ֆուտբոլիստներ չէին ցանկացել միանալ այդ ակցիային:

Իսկ Իրան – ԱՄՆ խաղից հետո սարսափելի տեսարանների ականատես են դարձել ներկաները, երբ Իրանի պետությանը սատարող երկրպագուները սկսել էին հետապնդել ընդդիմադրի հայացքներ ունեցող երկրպագուներին: Նման խայտառակ միջադեպ երբեք տեղի չէր ունեցել աշխարհի առաջնության պատմության մեջ, երբ նույն թիմի երկպագուները փորձում են պարզել իրենց հարաբերությունները:

Քաթար-2022-ում, իհարկե, եղան նաև սկանդալային շատ խաղեր: Դրանց պատճառներից մեկն այն էր, որ մրցավարները հաճախ էին դիմում VAR համակարգի օգնությանը և հաճախ վիճելի, ինչ-որ տեղ անհասկանալի որոշումներ էին կայացնում: Մասնավորապես՝ Գանա – Ուրուգվայ խաղից հետո ուրուգվայցիներն ուզում էին իսկական հաշվեհարդար տեսնել գլխավոր մրցավարի նկատմամբ՝ համարելով, որ նա իրենց թույլ չի տվել խփել ևս մեկ գոլ և մտնել փլեյ-օֆֆ: Իսկ ուրոգվայցի հարձակվող Կավանին խաղից հետո պարզապես ջարդուփշուր էր արել VAR համակարգը:

Քիչ չէին բողոքները նաև կապված մրցավարների կողմից ավելացրած ժամանակի հետ, որոնք սովորականից ավելի երկարատև էին: Մասնավորապես՝ Արգենտինա – Նիդեռլանդներ խաղին մրցավարը հանդիպմանն ավելացրել էր 10 րոպե, որի վերջում եվրոպացիներին հաջողվել էր հավասարեցնել հաշիվը: Դա քիչ էր մնում իսկական տուրուդմբոցի պատճառ դառնալ, սակայն թիմերի ղեկավարներին հաջողվեց հանգստացնել ֆուտբոլիստներին և կողմնակի միջամտության կարիք չեղավ: Իսկ ահա լրագրոներն երբեք այդքան զայրացած չէին տեսել արգենտինացիների ավագ Լիոնել Մեսիին, որը խաղից հետո հարցազրույց տալու փոխարեն լեզվակռվի էր բռնվել նիդեռլանդցի ֆուտբոլիստի հետ: Ի դեպ, այդ խաղում մրցավարը ցույց է տվել 15 դեղին և մեկ կարմիր քարտ:

Ինչևէ, այսօր կկայանա առաջնության վերջին, վճռորոշ խաղը: Հույս ունենք, որ այն սկանդալային չի ստացվի և ամեն ինչ կավարտվի օբյեկտիվորեն:

Վարդան Արզումանյան