Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան (3)
A A
Քաղաքականություն

Տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր միջանցքի խոստում է տվել որևէ մեկի․ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության նիստի սկազբում ՀՀ վարչապետ Բիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից շրջափակված Լաչինի միջանցքին։

Նա մասնավորապես նշել է․

«Ուզում եմ ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձևակերմանը: Մեջբերում եմ հոդվածից. «Փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք»: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք և ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և չընդունելով նման միավորի տարածքային գոյությունը, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախատում է:

 

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

 

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի:

 

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաև շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:             

Հարգելի ներկաներ,

սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումներ են միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության  պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:        

Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով:

 

Լիարժեք պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

 

Մեր դիվանագիտական ծառայությանը, Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին:

 

Ասեմ նաև, որ մշտական կապի մեջ եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով: Առայժմ այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար»: