Բացել լրահոսը Փակել լրահոսը
319891335_1261519704704930_3265051081455982636_n
A A
Հասարակություն

Մայր Աթոռում տեղի ունեցավ «ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան՝ 25 տարի համայնքների կողքին» խորագրով միջոցառումը

Դեկտեմբերի 14-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան՝ 25 տարի համայնքների կողքին» խորագրով միջոցառում՝ նվիրված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի 25-ամյակին։
 
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուները, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
 
Այնուհետև իր օրհնությունն ու պատգամը ներկաներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հոբելյանները հաստատությունների կյանքում առիթ են անցած ուղին քննելու և արժևորելու, ապա նաև առկա մարտահրավերների հանդիման՝ առաքելությունը վերաիմաստավորելու և նորոգ արդյունավորելու։ Նորին Սրբությունը նկատեց, որ տարիների ընթացքում համագործակցելով եկեղեցական, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ Կլոր սեղանը բազում հանրօգուտ ծրագրեր է իրականացրել կրթական, սոցիալական ոլորտներում, արձագանքել հայրենի կյանքում հրատապ աջակցություն պահանջող խնդիրներին։
 
«Աշխարհաքաղաքական իրողությունները, Մերձավոր Արևելքում տիրող կացությունը, ապա արցախյան հակամարտությունը պատճառ դարձան, որ հիմնադրամը իր ծառայության առաջնահերթ ոլորտ սկսի դիտարկել նաև արտակարգ իրավիճակները: Այս շրջանակներում Կլոր սեղանը գնահատելի ծրագրեր է իրականացրել սիրիահայ ներգաղթյալների խնամքի և աշխատանքի ապահովման, համավարակի շրջանում կարիքավորներին անհրաժեշտ պարենի մատակարարման, 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ժողովրդին աջակցության տրամադրման ուղղությամբ: Առ այսօր Կլոր Սեղանը շարունակում է մասնակցություն բերել պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներին»,- նշեց Նորին Սրբությունը:
 
Հայոց Հայրապետը նաև գոհունակությամբ ընդգծեց, որ Կլոր Սեղանը հիմնադրման առաջին իսկ օրվանից իր մասնագիտական հմտություններով և կարողություններով կարևոր օգտակարություն է ունեցել կրթական և սոցիալական ոլորտներում Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և վստահություն հայտնեց, որ հիմնադրամը, մշտապես հաղորդ լինելով երկրի առջև ծառացած մարտահրավերներին և առկա կարիքներին, պիտի շարունակի իր տեսլականին համահունչ բազմաբնույթ ծրագրերի իրագործմամբ բարեբեր ծառայություն բերել հայ ժողովրդին։
 
«Անուրանալի է, որ պատկառելի ճանապարհ է անցել հիմնադրամը, արձանագրել կարևոր ձեռքբերումներ, սակայն, ցավոք, կարիքները մեր շուրջ բազում են, մարտահրավերները՝ օրըստօրե ահագնացող: Ուստի, դեռ շատ անելիքներ կան՝ ի սեր մեր ժողովրդի: Վստահ ենք, որ Կլոր սեղան հիմնադրամը հատկապես այսօր, երբ Ադրբեջանի իշխանությունները, փակելով Լաչինի միջանցքը, հերթական վայրագությունն են իրականացնում արցախահայության նկատմամբ, իր ձայնը պիտի բարձրացնի միջեկեղեցական, բարեսիրական կազմակերպությունների առջև՝ ի խնդիր արցախահայ մեր քույրերի ու եղբայրների անկախ, ապահով ու անվտանգ կյանքի իրավունքի պաշտպանության»,-նշեց Վեհափառ Հայրապետը։
 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Ամենողորմ Տերը խաղաղություն և ապահովություն շնորհի մեր հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին, բարօր ու անվտանգ կյանք փորձությունների միջով անցնող մեր ժողովրդին՝ բարի առաքելության նոր տասնամյակներ մաղթելով Կլոր Սեղան հիմնադրամին։
 
Ապա իր խոսքը ներկաներին փոխանցեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի գործադիր տնօրեն պարոն Կարեն Նազարյանը։ Վերջինս, անդրադառնալով հիմնադրամի ստեղծման պատմությանը և 25-ամյա սոցիալական-հոգեբանական, դիականոնիկ գործունեությանն ու զարգածման ծրագրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին այս տարիների ընթացքում ցուցաբերած հայրական խնամքի և զորակցության համար։