Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երեւանի ցուցադրական նախագիծը ներկայացվեց Թբիլիսիում

Երևանի 97 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ:   Ծրագիրն իրականացվել է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրով, որի ընդհանուր բյուջեն կազմել է 1,250,004.00 եվրո։  1 մլն-ը տրամադրել է Եվրամիությունը,  մնացածը՝ Երեւանի քաղաքապետարանը։ 

 Ինչպես նշում է ծրագրի ղեկավար Նանա Աբելյանը՝   տեղադրված կայաններն ապահովում են  վերելակների, շքամուտքերի, աստիճանահարթակների, ինչպես նաև բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Շնորհիվ այս ծրագրի  50 տոկոսով կրճատվել է ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրաէներգիայի սպառումը։

Էլեկտրանէրգիայի ավելցուկը բնակիչները վաճառում են «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը ,- ասում է նա։

Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որտեղ կուտակվում են բնակիչներից գանձված գումարները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը:

Կուտակված գումարը ուղղվում է անհատույց օգտագործման հանձնված համակարգերի սպասարկմանը և  էներգախնայող ծրագրերի իրականացմանը:

Ի դեպ, քաղաքապետարանը նախատեսում էր 102 շենքում տեղադրել  արևային ֆոտովոլտային կայաններ, բայց հինգ շենքերի բնակիչներ վերջին պահին հրաժարվել են։

 Այս ծրագիրը ԵՄ «Քաղաքապետերի Դաշնագրի» նախաձեռնության շրջանակում  իրականացված ցուցադրական նախագիծ էր եւ ներկայացվեց Թբիլիսիում՝ «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով համաժողովին։

 Երեւանը եւս կամավոր ստանձնեց պարտավորություն մինչեւ 2030թ  առնվազն 30 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։  Ըստ Նանա Աբելյանի՝  արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման արդյունքում՝ ենթադրվում է տարեկան 453 տոննա  ջերմոցային գազերի արտանետումների  նվազում։