Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ցանկացած ժամանակ, երբ համայնքը կներկայացնի գործողությունների ծրագիր, նրա անդամակցությունը վերականգնվում է․ ազգային փորձագետ

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը Թբիլիսից՝ միջոցառումից հետո, եկել էր Երեւան՝ հայ լրագրողների հետ հանդիպման։

 Հայաստանի համայնքների միության աջակցությամբ Երևանում մեդիա-նախաճաշի ձևաչափով տեղի ունեցավ ծրագրի թիմի անդամների հանդիպումը լրագրողների հետ։   Նա  ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության հիմնական նպատակները, զարգացման փուլերը, համայնքների կողմից ստանձնած հանձնառությունները,  ընթացակարգերը։ 

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում:

 Ծրագիրը ֆինանսական աջակցություն անմիջապես համայնքներին չի տրամադրում, այլ տեխնիկական աջակցություն, որպեսզի նրանք պատրաստեն ռազմավարություն։

 Ներկայումս Հայաստանում Դաշնագրին միացել է 28 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը: Նրանցից 14 –ը սահմանված ժամկետում չի մշակել, ուստի անդամակցությունը  կասեցված է։  

  «Երկու տարվա ընթացքում համայնքները պետք է պատրաստեն գործողություններ ծրագիր, եթե ոչ, համայնքի անդամակցությունը Դաշնագրին կասեցվում է։ Ցանկացած ժամանակ, երբ համայնքը կներկայացնի գործողությունների ծրագիր, նրա անդամակցությունը վերականգնվում է,-ասաց  Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը,- Մենք համայնքներին օգնում ենք համատեղ ուժերով մշակել ռազմավարություն, եթե համայնքը ժամանակին կարողանում է գործողությունների ծրագիր մշակել, ԵՄ-ի կողմից գրանտային ծրագրերի համար նա դառնում է պոտենցյալ շահառու։ Վայք, Ապարան, Արթիկ, Սպիտակ, Երևան համայնքները ԵՄ կողմից ստացել են խոշոր գրանտային միջոցներ»։

Արտեմ Խարազյանն նշեց՝ կատարվել է նաև հետազոտություն բացահայտելու համար համայնքներում ներդրումների իրականացման հիմնական խոչընդոտները, որոնք կան ֆինանսական և օրենսդրական դաշտում։

 Հաղորդակցության գծով ծրագրի կառավարիչ Ելենա Նիկիտինան անդրադարձավ ծրագրի հաղորդակցության ռազմավարության հիմնական նպատակներին, թիրախային խմբերին և գործիքներին, ներկայացրեց նաև ծրագրի արդյունքները, համայնքների նվաճումները, տեսանելիության խթանմանն ուղղված հիմնական գործողությունները:

ՀՀ-ում ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը ներկայացրեց տեղական մակարդակում ԵՄ կայուն էներգիայի օրերի անցկացումը՝ ՀՀ համայնքների օրինակով՝ որպես իրազեկման հիմնական միջոց։

 Այնուհետև լրագրողների համար կազմակերպվեց մեդիա տուր՝ դեպի Դավթաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր. ցուցադրական նախագծեր» ծրագրի ներքո տեղադրվել է ֆոտովոլտայիկ կայան:

Այս շենքը Երևանի 97 բազմաբնակարան շենքերից մեկն է, որտեղ  «ԵՄ-ն Երևան արևային համայնքի համար» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից  տեղադրվել են ֆոտովոլտայիկ կայաններ:

Մեդիա տուրի մասնակիցները նաև այցելեցին Էրեբունի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որն ամբողջովին ջերմամեկուսացվել է և շենքում նորացվել է ջերմամատակարարման համակարգը։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անց է կացվել  «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողով, որում ամփոփվել են նախորդ տարիների արդյունքները։