Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_20221201_144109
A A
Հասարակություն

«Այս գիրքն ավելի շատ նրա համար է, որ գործարարները լինեն ավելի ամբիցիոզ» (տեսանյութ)

«Մանթաշյանց» գործարարների միության նախաձեռնությամբ վերահրատարակվել է Վահան Բայբուրդյանի «Համաշխարհային առևտուրն ու հայ վաճառականությունը 17-րդ դարում» աշխատությունը։

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով, գիրքն ավելի շատ, ոչ թե ներկա խնդիրները լուծելու համար է, այլ, որ մարդիկ, գործարարները լինեն ավելի «ամբիցիոզ»։

«Երբ կարդում ենք, թե երեք, չորս, հինգ հարյուր տարի առաջ ինչ կապեր ենք ունեցել, ինչ գործունեություն են ծավալել հայերը, այո, պարտավոր ենք լինել ավելի ամբիցիոզ, այլ տարբերակ չունենք։ Գիրքը նաև ճանապարհ է ցույց տալիս, պատմությունը գալիս է մեզ օգնելու»,- ասաց պարոն Միրաքյանն ու նշեց, որ եթե այն ժամանակ մեր վաճառականները կարողացել են ցանց ստեղծել ու գործել միասին և նման հեղինակություն վայելել, ապա հիմա առավել ևս կարող են, քանի որ, նախ հայերն ավելի տարածված են աշխարհում և երկրորդ՝ տեխնիկական հնարավորություններն էլ այլ են, կապ հաստատելն է հեշտացել։

Աշխատությունը լրագրողներին ներկայացրեց արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում, գրքի հեղինակի որդին՝ Արմեն Բայբուրդյանը։

«Հայերը ունենալով ցանց ամբողջ աշխարհում, փայլուն տեղեկացված էին ապրանքների արժեքների մասին և նրանց հնարավոր չէր խաբել, այսինքն հավելյալ գումարով վաճառել որևէ ապրանք, որն այլ ազգությունների վաճառականների հանդեպ հաջողվում էր անել՝ նույն անգլիացիների, հոլանդացիների։ Ի դեպ, հայ վաճառականներն իրենց կենցաղի համար շատ գումարներ չէին ծախսում, գումարները գործի ընդլայնման համար էին օգտագործում, ներդրումներ էին անում»,– ասաց պարոն Բայբուրդյանը և հավելեց, որ, եթե մինչև տասնյոթերորդ դարը հայերը հիմնականում ցամաքային առևտրում էին ներգրավված, ապա այդ ժամանակաշրջանից սկսված, սկսեցին նաև ծովային առևտրով զբաղվել։ Իրենց նավերը ունեին, որոնց վրա ծածանվում էր կարմիր–դեղին –կարմիր դրոշը, որի վրա պատկերված էր Աստծո գառնուկը՝ խաչով։ Եվ այս դրոշն ընդունված էր ու հարգանքի արժանացրած թե արևմուտքի, թե արևելքի երկրներում։ Սա տևեց մինչև տասնութերորդ դարի կեսերը, երբ անգլիացիները, որոնք համագործակցում էին հայ վաճառականության հետ, կարողացան նրանց որպես մրցակից դուրս մղել։ Հայ վաճառականությունը, սակայն ակտիվ մնաց այլ բնագավառներում։

«Հայրս բազմապիսի աղբյուրների վրա է հենվել այս աշխատությունում և գրել է դյուրըմբռնելի ոճով։ Որպես գիտական աշխատություն՝ շատ հեշտ է ընթերցվում ու ընկալվում»,– նշեց պարոն Բայբուրդյանը ու նաև ընդգծեց, որ գրքի արդիականությունը նրանում է, որ ոչ միայն պետք է իմանանք, թե ինչ դեր է ունեցել հայ վաճառականությունը համաշխարհային շուկայում, այլև գիտակցենք, որ հնարավոր է նաև այսօր ցանցային համակարգ ստեղծել։

«Ի վերջո, մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք։ Եվ այսօր այն, ինչ անում է Մանթաշյանց գործարարների միությունը՝ ցանցային գործարար մոտեցումների, մասնաճյուղերի ստեղծման սկզբունքով իսկապես հրաշալի է»,–խոսքը եզրափակեց պարոն Բայբուրդյանը ։