Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարուժան
A A
Քաղաքականություն

Վարուժան Ավետիսյանին հիվանդանոցից արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանը այսօր առավոտյան՝ ժամը 11․00-ին, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, բայց ժամը 15․00-ին վերադարձվել է  «Նուբարաշեն»․այս մասին մեզ հայտնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Թե ինչ խնդրով է տեղափոխվել հիվանդանոց և ինչ է ախտորոշվել՝ հարցին նա չպատասխանեց․ ՔԿԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում։

Հիշեցնենք, որ ըստ հարազատների՝ Ավետիսյանը դեռևս 2014 թվականից տառապում է խիստ վտանգավոր համախտանիշով (հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ), որին բնորոշ է ալիքաձև ընթացք՝ կյանքին սպառնացող` պարբերաբար սրացումներով։  Սրացումներն ունենում են հստակ նախանշաններ՝  ալիքաձև դողի տեսքով և զարգանում են շատ անսպասելի ու արագ՝ առաջացնելով երիկամային սուր անբավարարության պատկեր։

Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:

Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հայտարարությունը
 
Այսօր Վարուժան Ավետիսյանը Էրեբունի բժշկական կենտրոնում ենթարկվել է հետազոտությունների։ Արդյունքում նրա մոտ հիմնական բժշկական ցուցանիշները արձանագրվել են նորմայի սահմաններում։
 
Ավետիսյանի այն հարցին, թե ինչու են ցուցանիշները նորմայի սահմաններում, բայց իր մոտ անոմալ վիճակներ (դող, մրսածության զգացողություն, քնի խանգարում, այլն) բժիշկը որևէ պատասխան չի կարողացել տալ։
Ըստ էության փորձ է կատարվել Վարուժան Ավետիսյանի մոտ հայտնաբերել կամ ախտորոշել երիկամային հիվանդություն, սակայն դա հնարավոր չի եղել կատարել։ Նմանապես, հնարավոր չի եղել հետազոտության միջոցով պարզել կամ ախտորոշել առկա ախտանշանների առաջացման պատճառները կամ դրանց կանխարգելման միջոցները։
 
Հ.Գ․ Պնդում եմ, որ Վարուժան Ավետիսյանի պատշաճ բուժօգնությունը և հնարավոր ճգնաժամի կանխումը հնարավոր է բացառապես նրա քաղաքացիական հիվանդանոցում գտնելու պայմաններում։