Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo
A A
Պաշտոնական

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ հաշվեքննիչ պալատի գործունեությանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակը (ԿՀԳ) և Հայաստանի  Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները հանդիպել են` քննարկելու հետագա գործակցության հնարավորությունները:

ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի նախագահ Ջին Դոդարոն, ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը և Հայաստանի Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ Կարեն Առուստամյանը հանդիպել են Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում, 2022թ. Հաշվեքննության բարձրագույն մարմինների 2022թ. 24-րդ միջազգային կոնգրեսի (INCOSAI) շրջանակում:  Հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ աշխատանքի հիմնական արդյունքները, ինչպես նաև  գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի նախագահը վերահաստատեց հանձնառությունը՝ աշխատելու Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի հետ՝ որպես աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) գործընկեր անդամներ` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ԿՀԳ/Աուդիտի գերազանցության կենտրոնի (ԱԳԿ) համագործակցության միջոցով, որը շարունակում է աջակցել Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների օրակարգին:

Պարոն Առուստամյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին և ԿՀԳ-ին շարունակական աջակցության համար և բարձր գնահատեց ԿՀԳ/ԱԳԿ-ի աշխատանքը բարձրորակ տեխնիկական աջակցության և Հաշվեքննիչ պալատի ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ գործնական առաջարկությունների համար:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը բարձր գնահատեց Հաշվեքննիչ պալատի աշխատանքը ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ ամրապնդել գործընկերությունը՝ միավորելով ուժերը կոռուպցիայի դեմ պայքարելու և հանրային հատվածում բարեվարքությունն ու հաշվետվողականությունը խթանելու նպատակով:

Այս համագործակցությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին, երբ ԱՄՆ ՄԶԳ-ն համաձայնեց տեխնիկական աջակցություն տրամադրել Հաշվեքննիչ պալատին՝ ԿՀԳ/ԱԳԿ -ի հետ միջգերատեսչական համաձայնագրի միջոցով: