Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Գիտե՞ք, որ Ամստերդամում տպագրված առաջին հայկական Աստվածաշնչում Դյուրերի նկարներն են օգտագործել. Սեդրակ Ներսեսյան

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից նոյեմբերի 14-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում բացված ցուցահանդեսը այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ ցուցադրության ժամկետը երկարացվել է ևս մեկ շաբաթով։

«Վերջին հինգ–վեց տարվա ընթացքում սա ամենամեծ ցուցահանդեսն է։ 30 մասնակից-կոլեկցիոներ են ներկայացնում իրենց հավաքածուները։ Շատ այցելու ունեցանք։ Ուրախալի է, որ շատ են գալիս՝ մասնավորապես դպրոցականները։ Նրանց մեջ էլ կան նամականիշ հավաքողներ»,–ասում է ֆիլատելիստների ակումբի նախագահ, ցուցահանդեսի կազմակերպիչ Սեդրակ Ներսեսյանը։

«Այստեղ ներկայացված հավաքածուների տերերից յուրաքանչյուրն էլ իր մասնագիտությունն ունի, կոչումն ունի ու պաշտոնը։ Սա մեր հոբին է»,– մանրամասնում է պարոն Ներսիսյանն ու հավելում, որ ինքը մասնագիտությամբ ջերմաէներգետիկ է։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և դասավանդում է հարազատ բուհում։ Նամականիշներ սկսել է հավաքել դեռ դպրոցական տարիներից։

«Մի քիչ հավաքեցի, հետո թողեցի, տեսա բան չի ստացվում։ Որքան էլ տարօրինակ թվա, ծնողներս դեմ էին, ասում էին, որ նամականիշ հավաքելը՝ «սպեկուլյացիայի» բուն է։ Իրենք շատ ազնիվ մարդիկ էին։ Վախենում էին, որ իրենց տղան «սպեկուլյանտ» կդառնա։ Հիմա «սպեկուլյանտներին» գործարար են ասում»,– ժպտում է պարոն Ներսեսյանն ու շարունակում։

«Հետո էլի սկսեցի հավաքել նամականիշներ։ 1966-ին դարձա Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ, որն այն ժամանակ հզոր կազմակերպություն էր, ՍՍՀՄ ֆիլատելիստների միության մասն էր։ Նախագահը՝ պաշտոնաթող գնդապետ Սուրեն Առաքելովն էր։ Նա, ի դեպ, նամականիշների մասին գրքեր ունի գրած։

Ֆիլատելիան նամականիշ հավաքելը չէ։ Ֆիլատելիան նամականիշների ուսումնասիրությունն է։ Ֆիլատելիստը ցանկանում է հնարավորինս շատ բան իմանալ իր նամականիշների մասին, այն իրադարձությունների, մարդկանց մասին կամ այլ թեմատիկայի մասին, որոնց նվիրված են նամականիշները։ Այսինքն՝ լուրջ պետք է զբաղվել։ Հիմնականում հավաքածուները թեմատիկ են լինում»։

Հարցին, թե որն է նրա նախընտրած թեման, պատասխանում է․ «Գեղանկարչությունը, որովհետև հորեղբայրս նկարիչ էր՝ Օնիկ Ներսեսյանցը: Թբիլիսիում էր ապրում»։

Սեդրակ Ներսեսյանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ այդ թվում արտերկրում։ Այս ցուցադրությանն էլ է մասնակցում, սակայն, իր խոսքով՝ արտամրցութային կարգով, քանի որ ինքն է կազմակերպիչը։

«Անցյալ տարի մասնակցեցի Դյուրերի հավաքածուով։ Բոլորը Լեոնարդո Դա Վինչի գիտեն։ Դյուրերը հանճար էր։ Գիտե՞ք, որ Ամստերդամում տպագրված առաջին հայկական Աստվածաշնչում Դյուրերի նկարներն են օգտագործել»։

Երբևէ մտածե՞լ եք վաճառել հավաքածուն՝ հարցին ի պատասխան ասում է, որ մտքովն էլ չի անցել։ «Թե հետո ինչ կանեն, չգիտեմ, բայց ես չեմ վաճառի։ Տղաս ինձ հումորով ասում է՝ դրա տեղը լավ չէ՞ր «կանաչ» հավաքեիր, ասում եմ «կանաչը» հավաքեի, ի՞նչ անեի»։

Նա հիշում է, որ ակումբի անդամները տարբեր ժամանակ, տարբեր վայրերում են հավաքվել։ Հիմա Մաշտոցի 18 շենքի ետնամասում են հավաքվում, նույն այն շենքի, որի առաջին հարկում ժամանակին նամականիշների մեծ խանութ կար. «Այն ժամանակ նամականիշները կոպեկներ էին։ Հիմա «Հայփոստ»–ը բարձր գներ է դրել։ Ասենք՝ երեխան ցանկություն ունի նամականիշ հավաքել, էդ գներով ո՞նց հավաքի։ Ծնողներից շատերը հնարավորություն չունեն երեխային, օրինակ, հազար դրամ տան մեկ նամականիշ գնելու համար։ Անգամ 350 դրամի դեպքում կմտածեն, որ այդ գումարին երեխայի համար գաթա գնեն, գոնե սնունդ է։ Բացի դրանից, նախկինում նամակագրություն ունեինք տարբեր երկրների կոլեկցիոներների հետ, փոխանակվում էինք նամականիշներով։ Հիմա 100 գրամ ծրար ուղարկելը փոստով 5200 դրամ արժի։ Չորսը բացիկը՝ 100 գրամ է։ Այսինքն՝ ամեն մեկն իրեն թույլ չի կարող տալ ուղարկել ու ստանալ։ Այստեղից էլ կապերը խզվում են։ Ես ֆիլատելիստ ընկերներ ունեմ՝ Պետերբուրգում էլ ունեմ ընկերներ, Լատվիայում էլ, Սլովակիայում էլ, Ամերիկայում էլ։ Այդ գումարներով ինչքա՞ն կարող եմ նրանց նամականիշ ուղարկել։ Հայփոստին դիմում եմ, ասում են՝ կառավարության որոշում է։ Բայց նման որևէ որոշում չկա։ Իրենք են որոշել»։

Նոյեմբերի 25–ին ցուցադրության վերջին օրն է։ Այդ օրը, ժամը երկուսին կհանձնեն նաև մրցանակները։