Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

Հայաստանը չի մասնակցում շախմատի վետերանների աշխարհի առաջնությանը

Իտալիայի Ասիսի քաղաքում մեկնարկել է շախմատի վետերանների աշխարհի թվով 30-րդ առաջնությունը։ Երկու տարիքային խմբերում հանդես են գալիս 44 երկրների 340 ներկայացուցիչ։ Մասնավորապես՝ 65 տարեկանից բարձր շախմատիստների մրցաշարին մասնակցում է կանանց շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին։ Ավաղ, Հայաստանն ոչ մի ներկայացուցիչ չունի այդ մրցումներում։

«Ա1+»-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մենք մասնակից չունենք այս առաջնությունում։

«Միշտ չէ, որ նպատակահարմար է մասնակցել այդ առաջնությանը, քանի որ կան բազմաթիվ պատճառներ։ Նախ, մենք չունենք այնպիսի մասնակիցներ, որոնք ի վիճակի են ցույց տալ բարձր արդյունքներ։ Երկրորդ, այդ մրցումների մասնակցությունը կապված է մեծ ծախսերի հետ», - պարզաբանեց ՀՇՖ-ի փոխնախագահը։

Մեր այն հարցին, արդյո՞ք Ռաֆայել Վահանյանն ի վիճակի չէ պայքարել մեդալների համար, Սմբատ Լպուտյանն ասաց, որ նա առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, դրա համար նա նույնպես չի մասնակցում առաջնությանը։

Հավելենք, որ վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը կտևի մինչև նոյեմբերի 26-ը։