Բացել լրահոսը Փակել լրահոսը
1668197356-UN-reports-says-world-population-will-reach-8-billion-in-2022-November-L
A A
Հասարակություն

Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում վիճակագրական տվյալներ է ներկայացրել աշխարհի բնակչության աճի ընթացի վերաբերյալ․
 
Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր
 
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է գրանցվել համեմատաբար ավելի մեծ աճ և ինչպես այն կփոխվի ապագա տասնամյակներում:
2021թ. աշխարհի բնակչությունը 1950 թվականին գնահատված 2,5 միլիարդից հասել է 7,9 միլիարդի:
 
2022թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը արդեն իսկ հատել է 8 միլիարդի սահմանաչափը՝ գրեթե երեք անգամ գերազանցելով 1950 թվականի ցուցանիշը: Ելնելով ներկայիս միտումներից՝ ՄԱԿ-ի գնահատմամբ մինչև 2030 թվականը բնակչությունը կարող է աճել մինչև 8,5 միլիարդ, 2050 թվականին՝ 9,7 միլիարդ, իսկ մինչև դարավերջ աշխարհի բնակչության թիվը կհասնի 10,4 միլիարդի:
 
Աճի տեմպերը համեմատաբար դանդաղում են, սակայն կանխատեսումները ենթադրում են, որ բնակչության թիվը իր գագաթնակետին չի հասնի մինչև 2080-ական թվականները՝ մոտ 10,4 միլիարդ մարդ:
 
Բնակչության ամենամեծ աճը տեղի է ունեցել 1960-ականների սկզբին, սակայն աճի տեմպերը դանդաղել են, քանի որ ծնելիության մակարդակը նվազել է հակաբեղմնավորման միջոցների ավելի մեծ հասանելիության շնորհիվ, և երբ երկրները զարգացրել են իրենց տնտեսությունները: Առանցքային դեր են խաղացել նաև կրթական մակարդակի բարձրացումը հատկապես աղջիկների շրջանում, և կանանց համար ավելի շատ աշխատանքի հնարավորությունների ընձեռնումը:
 
Միջին հաշվով, կանայք այժմ ծննդաբերում են երկու անգամ, այլ ոչ թե գրեթե հինգ անգամ, ինչպես 1950-ական թվականներին:
 
Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում թվերը տարբեր են: Օրինակ Ենթասահարյան Աֆրիկայում կանայք ծննդաբերում են ավելի քան չորս անգամ, իսկ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում կամ Օվկիանիայում (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի) երեք անգամ:
 
Ակնկալվում է, որ 61 երկրների բնակչությունը կնվազի առնվազն 1%-ով այս պահից մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում: Բնակչության թվի ամենամեծ հարաբերական կրճատումները՝ առնվազն 20% կորուստներով, սպասվում են Լատվիայում, Բուլղարիայում, Սերբիայում, Լիտվայում և Ուկրաինայում:
 
Բնակչության աճի պատճառներից մեկն այն է, որ մենք ավելի երկար ենք ապրում: 2019 թվականին կյանքի միջին տևողությունը կազմել է 72 տարի, ինչը 9 տարով ավելացել է 1990 թվականից ի վեր, և ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը այն կհասնի 77-ի: 2021 թվականին միջինը նվազել է մինչև 71 տարի՝ Covid-ի համաճարակի պատճառով: Այնուամենայնիվ, ցածր զարգացած երկրներում մարդիկ միջինից յոթ տարով քիչ են ապրում՝ մայրական և մանկական մահացության բարձր մակարդակի, հակամարտությունների և ՄԻԱՎ վարակի պատճառով:
Կանխատեսվում է, որ 2050 թվականին 65 տարեկան և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության մասնաբաժինը 10%-ից կաճի հասնելով 16%-ի:
 
Ակնկալվում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում բարձր եկամուտ ունեցող երկրներում բնակչության աճը հիմնականում պայմանավորված կլինի միգրացիայով:
Աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է Ասիայում՝ 29%-ը Արևելյան և հարավ-արևելյան Ասիայում և 26%-ը՝ Կենտրոնական և Հարավային Ասիայում:
 
Կանխատեսվում է, որ հաջորդ տարի Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին՝ դառնալով աշխարհի ամենաբնակեցված երկիրը: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ Հնդկաստանը կշարունակի իր բնակչության աճը մինչև 2050 թվականը, մինչդեռ Չինաստանի բնակչության թիվը կշարունակի նվազել:
 
Ըստ կանխատեսումների ութ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Տանզանիան, կունենան բնակչության աճի ավելի քան կեսը մինչև 2050 թվականը: Սպասվում է, որ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը և Տանզանիան իրենց բնակչությունը կկրկնապատկեն առաջիկա երեք տասնամյակներում, մինչդեռ կանխատեսվում է, որ Հնդկաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը կաճի 1,4 միլիարդից մինչև մոտ 1,67 միլիարդ:
 
Չնայած բոլոր թվաբանական հաշվարկների՝ այս տվյալները ապագայի վերաբերյալ կանխատեսումների սցենարներից ընդամենը մեկն է, և իր մեջ անորոշության տարրեր է պարունակում:
 
Կանխատեսումների հորիզոնը կարող է փոխվել քանի որ այն արտացոլում է ենթադրություններ ապագա մի քանի տասնամյակների համար՝ չունենալով ստույգ տեղեկատվություն կապված ապագա սերունդների պտղաբերության և մահացության ընթացքի վերաբերյալ, կամ առաջիկայում հնարավոր նոր համաճարակների բռնկումների և պատերազմական գործողությունների մասին: