Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-CZEQbxth7g
A A
Քաղաքականություն

ԱՍԱԼԱ-ն  իր անդամներին չի պայթեցնում, սա ավելի շատ հիշեցնում է Իսլամական պետության գործելաոճը․ Վազգեն Պետրոսյան

Երեկ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ «Ա1+»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հ\կ համակարգող Վազգեն Պետրոսյանը։ 

Վերջերս «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական–հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր   Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ՝ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի  «Բանտարկյալի ձայնը» գրքի  հրատարակությունն ու շնորհանդեսը։ 

-Պարոն Պետրոսյան երեկ Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։  Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում տարածված տեղեկատվությանը, որոնցում որոշակի կապ են տեսնում ԱՍԱԼԱ-ի հետ։

-Որևիցե կապ գոյություն չունի։ ԱՍԱԼԱ-ն  իր անդամներին չի պայթեցնում։  Նրանք մինչև վերջ կռվում են։ Սա ավելի շատ հիշեցնում է Իսլամական պետության գործելաոճը։

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են շահագրգռված այդ տեղեկատվության տարածմամբ, որ ԱՍԱԼԱ-ն կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ։

-Մարդիկ, ովքեր փորձում են ԱՍԱԼԱ-ին վարկաբեկել։ Դրանք կարող են լինել մեր ներքին թշնամիները կամ հենց Թուրքիան։

-Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք այդ դեպքը որակում։ Արդյո՞ք ահաբեկչություն է և ովքե՞ր կարող են իրականացրած լինել։

-Ամբողջ գործառույթը հիշեցնում է Իսլամական պետության գործելաոճը։ Նրանք Թուրքիային փորձեցինք ցույց տալ, որ եթե չափերից դուրս գա, ապա պատժելու են։  Իսլամական պետությունը դա կարող է իրականացնել նաև դրսի ուժերի պատվերով։

-Կան կարծիքներ, որ դա կարող է հենց Էրդողանը իրականացնել, որպեսզի ձերբակալությունների նոր ալիք սկսի ընդդիմադիրների և քրդերի նկատմամբ։ Դո՞ւք ինչ եք կարծում։

-Թուրքիայում ընտրությունները 7 ամիս հետո են ու դժվար թե նման քայլի գնա Էրդողանը։ Նրա հիմնական ընդդիմախոսը Ստամբուլի քաղաքապետն է, ով խնդիր ունի դառնալու նախագահ։ Բայց նաև չի կարելի բացառել։

Սրա արդյունքում առաջին հարվածը լինելու է Թուրքիայի տուրիզմին և այդպիսով տնտեսությունը ավելի է սուզվելու։

 

Ավելացնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ զբոսաշրջային Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է կին:

Պայթյունի հետեւանքով այս պահին վեց մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասել է 81-ի։