Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի տունը հայտնվել է իրացման գոտում․ նոր ցուցադրություն՝ ընդամենը 3 օրով (տեսանյութ)

Հանրապետության 38 հասցեում բացվեց քանդակագործ Բենիկ Պետրոսյանի արվեստի բացառիկ ցուցադրությունը։

«Այսօր մեր տանը բաց դռների օր է իրականում։ Փորձեցինք ներկայացնել Բենիկ Պետրոսյանի նաև այն աշխատանքները, որոնք երբևէ չեն ցուցադրվել։ Դրանք այն բացառիկ գործերն են, որոնց հետ հանրությունը պետք է ծանոթանա, որոնք պետք է պատշաճ ներկայացվեն»,– «Ա1+»–ի հետ զրույցում, ասաց քանդակագործի դուստրը՝ Արև Պետրոսյանը։

Նրա խոսքով, Բենիկ Պետրոսյանի նման նշանավոր քանդակագործը պետք է ունենա թանգարան և դա ընտանիքի լուծելու խնդիրը չի կարող լինել, պետք է պետական աջակցություն։

«Տունը, որ գնեցինք, գնեցինք այն երազանքով, որ օրերից մի օր այստեղ կլինի թանգարան և երկու հարկերին կավելանան երրորդն ու չորրորդը, ու Բենիկ Պետրոսյանի թողած արվեստի մեծ ժառանգության յուրաքանչյուր նմուշ կգտնի իր տեղը։ Այսօր, դժբախտաբար, քսան տարի անց, ոչ միայն դեռ չի լուծվել թանգարանի հարցը, այլ կանգնած ենք մեծ խնդրի առջև։ Տունը գտնվում է իրացման գոտում, և չգիտենք, թե ինչ է լինելու այս տան ճակատագիրը ու չենք կարողանալու իրականացնել այն երազանքը, որի համար գնվել էր այն»,–նշեց քանդակագործի դուստը։

Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի ևս երկու օր։