Եվրադատարանը որոշում է կայացրել լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր որոշում է կայացրել բանակում խաղաղ պայմաններում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով։ Դատարանը արձանագրել է կյանքի իրավունքի խախտում։
Դատարանը, մասնավորապես, գտել է, որ հոգեբանական օգնության համակարգի բացակայության պատճառով Արեգ Նազարյանին նման աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած ակնհայտ ռիսկին, որ նա կարող է ինքնասպան լինել։
Ավելին, իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցառումներ՝ կանխելու այդ հայտնի ռիսկի իրագործումը: Հետևաբար, պետությունը չի կատարել զինծառայության ընթացքում նրա կյանքը պաշտպանելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը։
Դատարանը նաև համարել է, որ գործով իրականացված քննությունը բավարար չի եղել մանրակրկիտ։
Դիմումատուները Արտակի քույրն ու մայրն են։ ՀՀ կառավարությունը նրանց պետք է վճարի 20000 եվրո որպես ոչ-նյութական եւ 3500 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման:
Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են, իսկ գործի քննությունն անցել է խախտումներով: Դեպքը տեղի է ունեցել 2010թ-ին։