Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարզվել են 73-ամյա կնոջ մահվան հանգամանքները. նրան ծեծել էր 42-ամյա որդին (տեսանյութ)

Նոյեմբերի 4-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ, 73-ամյա մի կին: Հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց, որ թոռն է այցելել տատին և նրան հայտնաբերել ծեծված վիճակում: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` կինը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ կնոջը ծեծել էր որդին: Ըստ նախնական տվյալների` նախորդ երեկոյան հերթական անգամ կենցաղային հարցերի շուրջ նա վեճի էր բռնվել մոր հետ, որի ընթացքում էլ նրան հասցրել էր բազմաթիվ հարվածներ:

Նույն օրը մահացածի 42-ամյա որդին հայտնաբերվեց Կարբի գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:

Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են` տեղեկացնում է Ոստիկանությունը։