Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (10)
A A
Սպորտ

Այսօր՝ «Փյունիկ» - «Բազել»․ պատմական խաղ «Արարատ» - «Բավարիայից» հետո

Անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում այսօր տեղի կունենա ամենասկզբունքային հակամարտությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգային վերջին խաղում կընդունի «Բազելին»։

Այդ խաղն սկզբունքային է նրանով, որ եթե մեր թիմը հաղթանակ տանի, ապա իր խմբում առաջ կանցնի հենց մրցակցին, և հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կնվաճի եվրոգավաթների փլեյ-օֆֆի ուղեգիր։

Անդրադարձ կատարելով Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմական անցյալին, նման կարգի սկզբունքային հանդիպման հայ ֆուտբոլասերը վերջին անգամ ականատես են եղել 1975 թվականի գարնանը, երբ Երևանի «Արարատը» Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում Երևանում հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»։ Զարմանալի չէ, որ 75 հազար նստելատեղ ունեցող «Հրազդան» մարզադաշտ եկել էին մոտ 100 հազար հանդիսական։

Այն ժամանակ արարատցիներին հարկավոր էր հաղթանակ տանել 2։0 և ավելի խոշոր հաշվով, որպեսզի մտնեին կիսաեզրափակիչ փուլ։ Ավաղ, մեր թիմը ընդամենը մեկ գոլ էր կարողացել խփել հզոր մրցակցին, որի կազմում եղել են աշխարհի 5 չեմպիոն։

Այսօր «Փյունիկին» նվազագույնը հարկավոր է 1։0 հաշվով հաղթանակ։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց հաշվի առնելով այն, որ «Բազելի» կազմում չկան աշխարհի ոսկե մեդալակիրներ, ապա փյունիկցիների շանսերն ավելի բարձր են, քան 1975 թվականին արարատցիներինը։ Մնում է, որ «Հանրապետական» մարզադաշտում ասեղ գցելու տեղ չլինի, և փյունիկցիներն ոգևորվելով դրանից, կարողանան գրանցել առաջին նշանակալի հաջողությունը եվրոգավաթներում։

Նշենք, որ «Փյունիկ» - «Բազել» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։45-ին։