Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս մահ
A A
Պաշտոնական

COVID-19-ով հիվանդին պատշաճ բուժօգնություն չտրամադրելու քրգործը կասեցվել է ու չի քննվում

COVID-19-ով հիվանդին պատշաճ բուժօգնություն չտրամադրելու քրեական գործը չի քննվում՝ անհասկանալի պատճառով

 

2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել COVID-19 վարակակիր 81-ամյա քաղաքացու մահվան դեպքով․ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։


Հարուցված քրեական գործին զուգահեռ, մահացածի իրավահաջորդ Ա․ Հայրապետյանը դեպքի առնչությամբ երեք հայց է ներկայացրել վարչական դատարան։ Դրանց նպատակը ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական հաստատություների թերացումներն ամրագրելն է։

 

Ինչպես է տեղի ունեցել դեպքը

Քաղաքացին 2020 թվականի հուլիսի 16-ից սկսած ջերմել է, վատացել է ինքնազգացողությունը։ Սակայն, չնայած հարազատների բազմաթիվ խնդրանքներին եւ զանգերին, ոչ մասնավոր, ոչ պետական բուժհաստատություններից բուժօգնություն չի ստացել՝ պատճառաբանությամբ, որ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կարգավորումների  համաձայն շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն ջերմելուց 3 օր անց, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է COVID-19 -ի թեստ հանձնել։ Նշենք, որ այդ օրերին շտապ օգնության հանրային համարից պատասխան ստանալ չի հաջողվել, համարը անհասանելի և անգործ լինելու պատճառով։

 

Հունիսի 19-ին հիվանդը «Մեդլայն» մասնավոր ԲԿ Դավթաշենի կենտրոնում հանձնել է քովիդ թեստը, որի պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին, մինչդեռ արդեն հունիսի 20-ից քաղաքացու մոտ սկսվել է դեսատււրացիա և շնչառության դժվարացում։ Հունիսի 23-ին նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ՝ բուժման։ Հիվանդի շնչառական համակարգը, մասնավարապես թոքերը, արդեն մեծապես վնասված վիճակում են եղել։ Այսինքն, փաստացի, քաղաքացու բուժումը սկսվել է միայն կորոնավիրուսի առաջին ախտանիշներից  8 օր անց, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն ծայրահեղ էր։ 2022 թվականի հուլիսի 4-ին հիվանդը մահացել է։

 

ԻՊԱՍ-ը ստանձնում է նախադեպային գործերով պաշտպանությունը

 

Ա․ Հայրապետյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ 

Ըստ ԻՊԱՍ իրավաբանների՝ հիվանդության ընթացքը, պետական մարմինների անգործությունն ու ձեռնարկված ուշացած քայլերը հիմք են տալիս ասելու, որ պետությունն ի դեմս ներգրավված մարմինների, ի վիճակի չի եղել պաշտպանել քաղաքացու կյանքի իրավունքը։

Վերոհիշյալ քրեական գործից զատ, իրավահաջորդը ևս երեք հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Մեկով՝ տեղեկատվություն է պահանջել բժշկական կենտրոնից, մյուսով՝ վիճարկում է ՀՀ առողջապահության նախարարի 21,05,2020 N-1606-Ա հրամանն ու դրանից բխող փոփոխությունների իրավաչափությունը, երրորդով պահանջում ոչ իրավաչափ ճանաչել հոր առողջական վիճակի եւ բուժման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը մերժելը։

 

Քրեական գործը նախ կասեցվել է, ապա՝ ԻՊԱՍ բողոքից հետո կասեցումից հանվել

 

Քաղաքացու մահվան դեպքով հարուցված քրեական գործը հարուցվելուց 2 ամիս անց կասեցվում է քննիչի որոշմամբ՝ պատճառաբանությամբ, որ հնարավոր չէ պարզել որպես մեղադրյալ ներգրավված ենթակա անձին, և անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։

 

Քրեական գործի կասեցման դեմ դատական կարգով բողոք է ներկայացվել Արուսյակ Հայրապետյանի կողմից, ինչը բավարարվել է եւ գործը կասեցումից հանվել է, սակայն առ այս պահը գործով շարժ եւ արդյունք չկա, ըստ էության քննություն չի իրականացվում, չնայած Ա․ Հայրապետյանի ներկայացուցչի կողմից գործով քննիչին պարբերաբար ներկայացվել են դիմումներ եւ գրություններ։

 

Վարչական գործեր

 

Այսպես, 2020 թվականի օգոստոսի 10-ին Ա․ Հայրապետյանը հարցումով դիմել է «Մեդլայն»   ԲԿ՝ ստանալու իր մահացած հոր հիվանդության պատմությունը, բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ։ Սակայն պատասխան գրության մեջ ԲԿ-ն հրաժարվել է տեղեկություններ տրամադրել՝ պատճառաբանելով, թե հայցվող տվյալները բժշկական գաղտնիք են։

Մերժման որոշումը վիճարկվել է վարչական դատարանում՝ ինչը նախադեպային է եղել։ Գործով պատասխանող է ներգրավվել և «Մեդլյան» կլինիկան, և ՀՀ առողջապահության նախարարությունը, քանի որ նախարարի հրամանով է վերոհիշյալ մասնավոր ԲԿ-ն ներառվել COVID-19-ով հիվանդների բուժօգնություն ապահովող ԲԿ-ների ցանկում։

ԻՊԱՍ իրավաբանների դիրքորոշումն այն է, որ համապատասխան կարգավորմամբ Առողջապահության Նախարարության կողմից ԲԿ-ին նման իրավասությամբ օժտելը թույլ է տալիս պնդել՝ այդ հրամանից բխող իրավահարաբերություններում նախարարությունը հանդիսացել է ԲԿ-ի վերադաս։ Վերջինիս պատվիրակվել են գործառույթներ ու իրավասություններ՝ նախարարության համապատասխան նորմատիվային հիմքով։

Հայցադիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ, տեղի են ունեցել նախնական դատական նիստեր և հայցվոր կողմը քրեական գործի շրջանակներում հասանելիություն է ստացել պահանջված տեղեկություններին։

 

Վարչական դատարանը անվավեր ճանաչեց COVID-19-ի մասով ԱՆ երկու կարգավորումները

 2020 թվականի հոկտեմբերի 19-ին դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան հրամանները մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով․ դրանցում, մասնավորապես, վիճարկվում է   արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը։

2022-ի հունվարի 4-ին ՀՀ Վարչական դատարանը որոշել է  բավարարել Ա․ Հայրապետյանի դիմումն ընդդեմ նախարարության՝ անվավեր  ճանաչելով Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները հաստատելու մասին 10․04․2020թ-ի թիվ 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը /լրացված թիվ 1638-Ա հրամանով։

Որոշմամբ ոչ իրավաչափ են ճանաչվել նախարարի թիվ 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի առանձին դրույթներ ևս։

Դատարանի որոշումը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից ընդունված վերոնշյալ հրամանները այնպիսի պայմաններ ու կարգ են սահմանել, որոնք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հոսպիտալացման ու բժշկական օգնության և սպասարկման համար մի շարք խոչընդոտներ են ստեղծել՝ հանգեցնելով նաև անդառնալի հետևանքների, ինչպես կոնկրետ քննարկվող դեպքում։

 

Վարչական դատարան ներկայացվել է նաև երրորդ հայցը

Ելնելով գործի նախադեպային կարևորությունից և հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով՝ ԻՊԱՍ իրավաբանների կողմից վարչական դատարան է ներկայացվել նաեւ երրորդ հայցադիմումը՝ ընդդեմ «Մեդլյան» կլինիկայի եւ ՀՀ Առողջապահւթյան նախարարության՝ հայցվորի կողմից պահանջված տեղեկությունները՝ այն է հոր առողջական վիճակի եւ բուժման մասին, ոչ իրավաչափ ճանաչել։

Գործը ընթացքի մեջ է, ներկայումս գտնվում է վճռաբեկ դատարանում։

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ»