Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

Անասուններն այնքան հյուծված են եղել,որ պլանային պատվաստումները ժամանակին չեն արվել․ կլիմայի փոփոխության հետեւանքները (տեսանյութ)

  Շիրակի մարզի Այգաբաց գյուցում հողը վարում են ՝ աչքը երկնքին հառած։  Այստեղ  վարելահողերի կեսից ավելին անջրդի է: Իսկ երբ ոռոգման ջրի սակավությանը գումարվում է երաշտը, գյուղացին հայտնվում է  անելանելի վիճակում։

Չորային եղանակով պայմանավորված՝ երկրորդ տարին է   խոտն այնքան քիչ է, որ գյուղացին չգիտի՝  ունեցած գումարով անասնակեր գնի,  թե կենդանիներին հարկադիր մորթի ենթարկի։  1 հակ խոտը 1500-ից 1800 դրամով է վաճառվում :  Իսկ մեկ կովը օրական ուտում է կես հակ խոտ:  

2022 թ փետրվար ամսվա հաշվառման համաձայն,  նախորդ տարվա համեմատ  Շիրակի մարզում 15.000 գլուխ միայն խոշոր եղջերավոր անասուն  է պակասել:  Խոտի պակասի պատճառով  անասնագլխաքանակի մոտ 17 տոկոսը հարկադիր մորթի է ենթարկվել ու անկել:

Վաղարշակ Ղազարյանը Այգաբաց բնակավայրի անասնաբույժն է։  Ասում է՝  անասունները թերսնման հետևանքով գարնանն այնքան հյուծված էին, որ պլանային պատվաստումները ժամանակին չեն արվել: 800 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների սրսկումները ստիպված են եղել հետաձգել:

Ըստ մասնագետի՝ թերսնված անասունների ցածր դիմադրողականությունը նպաստավոր պայմաններ է  ստեղծում  վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Բնապահպան, ոլորտի փորձագետ Գևորգ Պետրոսյանի  հավաստմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով  կենդանիների  վարակիչ որոշ  հիվանդությունների հարուցիչներ են ներթափանցել Շիրակի մարզ։  Օջախային փոքր բռնկումներ են եղել։ Դաբաղի դեպքեր էլ են գրանցվել։

 Բռնկումները, բարեբախտաբար, համաճարակի չեն վերածվել։ Բայց փաստերն արդեն հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին են խոսում։  Գեւորգ   Պետրոսյանն ասում  է՝  պատվաստանյութերի շտամների փոփոխության կարիք կա, որպեսզի դրանք ավելի արդյունավետ պաշտպանեն կենդանիներին հիվանդություններից:

 Մանրամասները՝   Գալա-ի տեսանյութում