Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Եթե արտառոց իրադարձություն չէ, Վրաստանից Հայաստան լրագրող չի գա․ վրացական անկախ մեդիայի խնդիրները

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած Վրաստան շրջայցի շրջանակում հայ լրագրողներին հնարավորություն ընձեռվեց այցելել մի քանի անկախ լրատվամիջոցների խմբագրություններ, ծանոթանալ նրանց աշխատաոճին, հասկանալ, թե որոնք ենք մեր ընդհանրություններն ու տարբերությունները։

Բոլոր խմբագրություններում ու գործակալություններում ընդունելությունը ջերմ էր ու անմիջական։

 

Ընտրություն մասնագիտության և  փողի միջև

 «Պալիտրա» մեդիա հոլդինգում մեզ դիմավորեց նորությունների ծառայության գլխավոր խմբագիր Նատալիա Մումլաձեն, ծանոթացրեց հոլդինգի կառույցներին ։ Պատմեց, թե ինչ ճանապարհ են անցել, ինչպես է սկսել ընդամենը մեկ թերթի հրատարակումից, հետո ընդլայնվել է և այսօր «Պալիտրան» ունի հեռուստաալիք, ռադիոկայան, տասնյակ ամսագրեր, թերթեր ու կայքեր, նաև գովազդային գործակալություն։

«Կոմերցիոն մասը, օրինակ գովազդայինը, փակում է կարևոր, սակայն ոչ շահութաբեր կայքի կամ հեռուստաալիքի ծախսերը։ Եվ այս սկզբունքը թույլ է տալիս մնալ անկախ»,– նշեց Նատալիան։

«Լրագրողը, եթե ցանկանում է աշխատել անկախ ԶԼՄ–ում, այլ ոչ իշխանական, ընտրություն է կատարում հօգուտ մասնագիտության և ոչ թե ֆինանսականի։  Քանի որ անկախ լրատվամիջոցում անհամեմատ քիչ աշխատավարձ է ստանալու, քան հանրային, պետական ալիքներում, կամ պաշտոնական լրատվական կայքերում, բայց հնարավորություն է ունենալու զբաղվել օբյեկտիվ, որակյալ լրագրությամբ»,– ասում է Նատալիան։

«Ա1+»-ի հարցին, թե որքան է միջին աշխատավարձը պատասխանում է, որ դա, ինչպես թերևս յուրաքանչյուր խմբագրությունում, կախված է աշխատակցի պրոֆեսիոնալիզմից։

«Նորավարտ պրակտիկանտները, օրինակ, ստանում են մոտ 200 դոլարին համարժեք լարի։ Լավագույն մասնագետները՝ մինչև 700 դոլարին համարժեք, իսկ ՝ առաջատար խմբագրի աշխատավարձը՝ 1400 դոլարի սահմանում է։ Պետական լրատվամիջոցում կրկնակի են վարձատրվում։ Իսկ համեմատության համար  ասեմ, որ Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 350 դոլարին համարժեք լարի։ Սակայն, նաև պետք է նշեմ, որ մեր կադրային ռազմավարությունը շատ ճկուն է։ Եթե տեսնում ենք, որ նոր եկած լրագրողը խոստումնալից կադր է, իհարկե խրախուսում ենք և վճարում ենք ավելի բարձր, որ նա մոտիվացված լինի մեզ մոտ աշխատել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կոնտենտին, ապա վարկանիշը ապահովում են հիմնականում քաղաքական նյութերը, բնականաբար, նաեւ սենսացիաները։ Հետաքրքություն կա սպորտային նորությունների հանդեպ, իսկ հատկապես ամռան ամիսներին՝ տուրիզմի, զվարճանքի հետ առնչվող ինֆորմացիան է գերակշռում։

«Մարդիկ ցանկանում են կտրվել քաղաքականությունից, խնդիրներից հանգստանալ»,– ժպտալով ասում է Նատալիան։

«Ա1+» –ի հարցին,  կա՞ արդյոք հետաքրքրություն մշակութային լուրերի հանդեպ, պատասխանում է․ «Եթե կա ինտրիգ, այդ դեպքում միայն, ցավոք: Այդ իսկ պատճառով անիմաստ է ունենալ, օրինակ, առանձին մշակութային կայք»։

Գլխավորը  չվնասելն է

«Ազատություն» ռադիոկայանը մի մեծ ընտանիք է։ Աշխարհի տարբեր երկրներում, նաև Պրահայի գլխամասային խմբագրությունում տեղակայված բոլոր ծառայությունները մեկ ամբողջություն են, որոշակի տարբերություններով հանդերձ։

«Ընդհանրության մեջ էլ կան առանձնահատկություններ։ Հայկական ծառայությունը, օրինակ ավելի հեռուստատեսային ֆորմատի ճանապարհով է գնում, իսկ ադրբեջանականը, քանի որ իր երկրում պաշտոնապես ներկայացված չի, Պրահայից է հեռարձակում և  ինֆորմացիան ստանում է ֆրիլանսերներից։  Նույն ձևով աշխատում է ռուսական ծառայությունը։ Աշխատանքային պայմանագիրը կազմում են սուբյեկտի հետ, ով կարող է լինել, մինչև անգամ գովազդային գործակալության աշխատակից»,– մանրամասնում է  Վրաստանի «Ազատություն» ռադիոկայանի «Эхо Кавказа» ծառայության ռուսական խմբագրության խմբագիր Թինան, ով ծառայության պիոներներից է։ Աշխատում է ծառայության բացման օրից՝ 2009–ից։

 «Վրաստանում ծնվել ու մեծացել է սերունդ, որը քիչ բան գիտի արդեն համարյա անկախությունից ի վեր սկսված  ռուս–վրացական հակամարտության մասին։ Ինֆորմացիայի բացակայությունը, թերևս ամենավատն է։ Մեր ռազմավարությունն ուղղված է տեղեկատվական բացը լրացնելուն, լինել հնարավորինս օբյեկտիվ, եթե, օրինակ մեր թղթակիցը իրադարձության վայրում չի աշխատում, հղում ենք անում միայն ստուգված աղբյուրներին։ Հիմնականում դա տարբեր երկրներում տեղակայված «Ազատության» ծառայություններն են։ Մենք խոսում ենք տեղեկատվական ֆորմատով, առանց էմոցիաների, նրբանկատ։ Եվ, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր վիճելի հարցի, խնդրի շուրջ բոլոր ծառայությունները պայմանավորվում են ամենաբարձր օղակներում»,– ասում է Վրաստանի «Ազատության» ծառայության գլխավոր խմբագիր Նինո Ջափիաշվիլին։

Ըստ նրա՝  կարևոր խնդիրներից է նաև տեղանունների հարցում նրբանկատ մոտեցումը, օրինակ՝ Սուխում, թե Սուխումի, Օսիա, թե Օսեթիա։ Մեջբերումների դեպքում թողնում են հեղինակային տարբերակը, չեն խմբագրում, իսկ զուտ լրատվության ժամանակ դիմում են տարբեր լրագրողական լեզվական «հնարների»։

«Ա1+»–ի հարցին, թե ինչպես են պահում հավասարակշռությունը հայ–ադրբեջանական հակամարտության դեպքում, պատասխանում է․ «Տեղեկատվությունը ստանում ենք թե հայկական, թե ադրբեջանական ծառայություններից։ Շատ դեպքերում հասկանում ենք, որ հայկական ծառայության նյութերը փաստացի օբյեկտիվ են, բայց մենք չենք կարող հաստատել այն, պետք է պարտադիր ավելացնենք՝ ըստ հայկական կողմի տեղեկատվության։ «Ազատությունը» այն մասին չէ, թե ինչ են մտածում, օրինակ հայերը կամ ադրբեջանցիները, կարևորը հավասարակշռված տեղեկատվությունն է։ Մեր, ինչպես բժիշկների դեպքում, գլխավորը չվնասելն է»։

Բացի հայկական «Ազատության» ծառայության հետ համագործակցելուց առանձին դեպքերում կարող են ֆրիլանսերների հետ համագործակցել։ Իսկ Հայաստան նկարահանող խումբ վերջին անգամ գործուղել են  2018–ին՝ թավշյա հեղափոխության օրերին։

Ինչպե՞ս են ապահովում լրագրողների պաշտպանությունը՝ հարցին,  գլխավոր խմբագիրը պատասխանեց, որ  «կանաչ ճանապարհ» տրվեց ոստիկաններին 2021- ի հուլիսի 5-ի հայտնի դեպքերից հետո, երբ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված երթի ժամանակ բռնության ենթարկվեցին աշխատանքային պարտականությունները կատարող մոտ  երեսուն լրագրող և ավիրվեց նրանց տեխնիկան։

«Մինչ այդ նման վերաբերմունք չի եղել։ Ինչ վերաբերում է Սուխումիի և Ցխենվալիի մեր թղթակիցներին, ապա նրանք, կարելի է ասել, հերոսներ են, հաճախ բախվում են ուղղակի սպառնալիքների։ Վրաստանում, ինչ խոսք անհամեմատ ավելի հանգիստ է այդ առումով։ Բայց, իհարկե, որևէ մեկը ապահովագրված չէ»,– ասաց գլխավոր խմբագիրը։

 

Մանուշակը ցույց տվեց, որ հայի ու վրացու խնդիրները նույնն են

«Ֆորմուլա» հեռուստաընկերությում հայ լրագրողներին ընդունեց գործադիր տնօրեն Գեորգի Թարգամաձեն։ Ի դեպ, սա այն հեռուստաալիքն է, որ հանգրվանեց ռուսական «Дождь» անկախ հեռուստաընկերության աշխատակազմին, նաև Նավալնիի լրատվական անձնակազմին։

Գեորգի Թարգամաձեն խոսեց Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ աճող սպառնալիքներից՝ նշելով, որ փակվում են անկախ հեռուստաալիքներ, որ երեք ամենամեծ անկախ  հեռուստաալիքների սեփականատերերը կամ ձերբակալվել են, կամ արտագաղթել են երկրից։ Արտագաղթողներից մեկն էլ իրենց հիմնադիրն է։

Գեորգին հիշեց, որ 1990–ականներին կար փոխանակման ծրագրերի նախագիծ՝ Թբիլիսի–Բաքու–Երևան։ Ասաց, որ շատ կարևոր սկզբունք էր, և հնարավորության դեպքում լավ կլիներ որ այսօր ևս նման նախագիծ լիներ։

«Տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում։ Ես չէի ասի, որ լավատես եմ, ամեն ինչ, իհարկե, կախված է ռուս–ուկրաինական պատերազմի ավարտից։ Սակայն պետք է փորձենք անել հնարավորը, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի։ Պետք է փորձենք չմեկուսանալ մեր խնդիրներով, համագործակցել։ Երևանի հետ, իհարկե, համագործակցությունը հեշտ է, լրատվական դաշտում չկա քաղաքական դիկտատուրա։ Բաքվի դեպքում համարյա անհնար է այս առումով համագործակցել։ Նրանք միայն պաշտոնական տեղեկատվություն կարող են տրամադրել։

Զարմանում եմ, որ Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, որի բյուջեն կազմում է 86 միլիոն լարի, Անկարայում, Բաքվում, Երևանում թղթակցական կետ չի բացում։ Եթե մեր ռեսուրսները ներեին, մենք դա կանեինք, քանի որ պետք է հարևանների հետ շփումներն ակտիվ լինեն։ Մինչդեռ այսօր որոշակիորեն ինչ -որ օտարում կա»,–ասում է գործադիր տնօրենը։

Նրա խոսքով, «Ֆորմուլա» հեռուստաընկերության ֆինանսավորման աղբյուրի 70 տոկոսը ներդրողների գումարներն են, որոնք ծախսվում են նպատակային։ Հիմնականում դա ներքաղաքական լրատվությունն է, վերլուծական ծրագրերը, քաղաքական շոուները։ Նաև սոցիալական հաղորդումներ են պատրաստում։ Հիմա շատ ակտուալ է Եվրոպայում և Ամերիկայում հանգրվանած վրաց միգրանտների թեման։

«Եթե հայերի համար սա նորություն չի, ապա մեզ համար արտերկրում օր–օրի մեծացող վրացական համայնքների թեման նոր է և ակտուալ»,–նշում է Գեորգին։

Ուկրաինան նրանց հետաքրքրությունների շրջանակում է և պարբերաբար ուղարկում են նկարահանող խմբեր։ Հայաստանի դեպքում, սակայն,  պետք է արտառոց մի բան, որ գտնվեն ռեսուրսներ խումբ ուղարկելու համար։ Օրինակ, Նենսի Փիլոսիի այցի ժամանակ նկարահանող խումբ են ուղարկել։ Բացի այցի լուսաբանումից, նրա խոսքով, նաև լրագրողները հարցումներ էին արել ու զրուցել ժողովրդի ու տարբեր  խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Կարևորը պետք է վարկանիշ կարողանալ ապահովել։ Իսկ վարկանիշ ապահովելու գրավականն այսօր, ցավոք, ով ում սպանեց, կամ որ Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում դեռահաս աղջիկներին ամուսնացնում են, ու նմանատիպ սենսացիոն թեմաներ են»,– ասում է նա ու հավելում, որ իրենց հեռուստաընկերությունը միակն է, ով լուսաբանում է Ջավախքի հայերի  խնդիրները վրացերենով։

«Մի ծրագրի ժամանակ Նինոծմինդայից մի աղջիկ՝ Մանուշակ անունով, վրացերենով պատմում էր տեղի խնդիրների մասին։ Տեղի չինովնիկների անօրինական գործառույթների, կոռուպցիայի ու նմանատիպ տարբեր խնդիրների մասին։ Ասեմ, որ մեր լսարանը սիրահարվել էր այդ աղջկան։ Իսկ գիտե՞ք ինչու։ Որովհետև մարդիկ հասկանում էին, որ միայն էթնիկ տարբերություն կա իրենց ու հայերի միջև, իսկ խնդիրները թե հայի, թե վրացու նույնն են»։

 Ռուզաննա Մկրտչյան