Բացել լրահոսը Փակել լրահոսը
նորայր նորիկյան (1)
A A
Քաղաքականություն

Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ՝ persona non grata, այլ որպես օտարերկրացի․ Նորիկյան

Կոնստանտին Զատուլինին՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը մերժելու մասին «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշվում է․

«Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքի քաղաքական բաղադրիչին կանդրադառնամ այսօր ավելի ուշ, սակայն զուտ իրավական տեսանկյունից հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․ ՛՛Օտարերկրացիների մասին՛՛ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Գ և Զ ենթակետերի համաձայն՝ Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

Գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ - վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, - իրականացնել ահաբեկչական գործունեություն, - սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ - իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

Զ) Գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ. Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ: Տվյալների բանկը վարում է ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, այլ կերպ ասած՝ ԱԱԾ-ն։

Ենթադրում եմ, որ Կ․ Զատուլինի մուտքը ՀՀ տարածք արգելվել է վերը նշված դրույթների հիման վրա, քանի որ ակնհայտ է, որ նույն օրենքով ամրագրված այլ սահմանափակումները որևէ կերպ վերաբերելի չեն նրան։ Ինչ վերաբերում է նրան անցանկալի անձ (persona non grata) ճանաչելուն, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ ՛՛Դիվանագիտական ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքի տրամաբանության լույսի ներքո անցանկալի անձ (persona non grata) կարող է հայտարարվել ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող որևէ օտարերկրյա պետության աշխատակից։ Հետևաբար՝ վերը նշվածի հիմքով, Կ․ Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ (persona non grata), այլ որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է ՀՀ տարածք, քանի որ նա ՀՀ-ում դիվանագիտական գործունեություն չի իրականացնում»։