Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մուշեղ
A A
Հասարակություն

Մուշեղ Շուշանյանը մեղադրանքից պաշտպանվելու ցանկություն չունի

«Հրապարակումների համար արդարանալու կարիք չունեմ, որովհետեւ արդար եմ»,- այսօր դատարանում ցուցմունք տալուց հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Նա ամբաստանյալի աթոռին է հայտնվել Ֆեյսբուքյան գրառման համար։ Նա չի հերքում, որ բռնության կոչեր է արել։ «Հրապարակային հայտարարել եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, նա պետք է շանսատակ արվի։ Հայտարարել եւ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայոց պատմության, այլ ողջ պատմության մեջ նա դավաճան է»,- ավելացրեց փաստաբանը։

Նա նաեւ նշեց, որ իր հրապարակումները պայմանավորված չեն եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքներով․ «Պայմանականորեն եթե բնորոշենք, նրա քաղաքական հայացքները պոպուլիզմը եւ դեմագոգիան է։ Նա միշտ գործում է իր հայտարարություններին հակառակ»։

Պարբերաբար թե դատախազը, եւ թե դատավորը հորդորում էին ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանին առաջադրված մեղադրանքի սահմաններից դուրս չգալ։ Իսկ Մուշեղ Շուշանյանը հակադարձում էր՝ մեղադրանքից պաշտպանվելու ցանկություն չունի, բայց բացատրում է շարժառիթը, ինչն էլ հիմք տվել նման գրառումով հանդես գալու։

Փաստաբանը 44-օրյա պատերազմից հետո տարբեր ժամանակահատվածներում երկու գրառում էր արել։ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցված երկու՝ ծանր վիրավորանքի եւ դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու եւ արդարացնելու գործերը միավորվել էին մեկ վարույթում։

Ծանր վիրավորանքի հոդվածով նրա նկատմամբ քրեական հետապնդումն այսօր դադարեցվեց, քանի որ այդ հոդվածն ապաքրեականացվել է։

Մուշեղ Շուշանյանը դատարանում շարունակեց պնդել, որ Նիկոլ Փաշինյանը բերվել էր իշխանության հատուկ Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրելու եւ պլանը իրականացնելու համար։

Նրա ցուցմունքից հետո, գործով դատաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստին մեղադրողն հանդես կգա ճառով։