Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ ՓՊ-ն հյուրընկալել է ՌԴ Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի պատվիրակությանը

ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի պատվիրակությանը: Ռուսաստանից ժամանած փաստաբանների պատվիրակությունը գլխավորում էր Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը:

Ռուս գործընկերներին ՀՀ Փաստաբանների պալատում ողջունել են նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը:

Հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշել է, որ բարձր է գնահատում ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները:

Կողմերը քննարկել են փաստաբանական ոլորտի մի շարք առանցքային հարցեր:

Պատասխանելով գործընկերներին հուզող հարցերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է նաև ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնավորապես Հանրային պաշտպանի գրասենյակի, Արագ արձագանքման հանձնախմբի գործունեության առանձնահատկությունները, Փաստաբանական դպրոց ընդունվելու, ավարտելու և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը:

Հանդիպման ավարտին Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը շնորհակալությունն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար:

Այնուհետև հյուրերն այցելել են ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալել է դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Զրույցի ընթացքում, նա ներկայացրել է փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը:

Արա Զոհրաբյանը մանրամասն ներկայացրել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացում ներառված պարտադիր և լրացուցիչ դասընթացների թեմաները և պարզաբանել դրանց ազդեցությունն ու կարևորությունը:

Հրաժեշտ տալով Փաստաբանական դպրոցի տնօրենին՝ ռուս գործընկերները շեշտել են, որ տպավորված են հաճելի հանդիպումից:

Իրկուտսկի Փաստաբանների միության պատվիրակության հետ հանդիպումն ամփոփվել է ՀՀ Փաստաբանների պալատի վարչական շենքում և Հանրային պաշտպանի գրասենյակում կատարված շրջայցով: