Բացել լրահոսը Փակել լրահոսը
պապիկյան
A A
Հասարակություն

Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի նկատմամբ․ India Narrative

Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը գրում է,որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին:

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա: «Պապիկյանն ու նան ուղեկցողները քիչ ժամանակ չեն հատկացրել Ասիայի ամենախոշոր պաշտպանական միջոցառմանը ցուցադրվող նմուշները ուսումնասիրելուն»,- գրում  է կայքը՝ հավելելով, որ կարևոր այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի ֆոնին:
 
Կայքը գրում է, որ Հնդկաստանը հետևողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով:

India Narrative-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո. «Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»:

Այնուհետև կայքը հավելում է. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM  հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ վերջերս հաղորդվել է կողմերի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին:

Կայքը նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմադարյա կապերն ավելի ամուր են դարձնում համագործակցությունը: