Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_21102022
A A
Պաշտոնական

Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ն կալանավորվել է

Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ:

Այս մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:

Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով: Ա.Գ.-ն պարբերաբար խախտել էր իր նկատմամբ կայացված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումների պահանջները («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքի 7-րդ հոդված), ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել էր կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել են քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:

Գլխավոր դատախազություն