Էլինա Դանիելյանը առաջին տասնյակում
Իտալական Բոլոնիա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, զբաղեցրեց 9-րդ տեղը, որի համար ստացավ 650 եվրո պարգեւ: Վերջին տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին ոչ-ոքի խաղաց իտալացի Սաբինա Բրունելոյի հետ: Նշենք, որ Էլինա Դանիելյանը լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց հաշվարկում:
Առաջին տեղը 7 միավորով զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը, որը նմանատիպ արդյունք ունեցող լյուքսեմբուրգցի Դավիդ Ալբերտոյից եւ ֆիլիպինցի Ռոլանդո Սալվադորից առաջ անցավ անհատական ցուցանիշներով: Հաղթողը պարգեւատրվեց գավաթով եւ 2500 եվրոյով:
Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը վաստակելով 5,5 միավոր, մրցաշարն ավարտեց 29-րդ հորիզոնականում:
Հաղթեց միայն Տիգրան Պետրոսյանը
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օպեն» մրցաշարում ուժեղագույնների մրցավեճում 6-րդ տուրում հաջողությունն ուղեկցեց միայն Տիգրան Պետրոսյանին, որը սեւերով պարտության մատնեց արգենտինացի Սանդրո Մարեկոյին: Այդ հաղթանակի շնորհիվ նա վաստակեց 3,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Սերգեյ Մովսեսյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեց բոսնիացի Բորկի Պրեդոեւիչի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը պարտվեց ավստրիացի Մարկուս Ռագերին: Նա ունի 2,5 միավոր:
Մրցաշարը 5 միավորով շարունակում է գլխավորել վիետնամցի գրոսմայստեր Լիեմ Լին: Հինգ շախմատիստներ 4,5-ական միավորով հետապնդում են առաջատարին:
7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի սերբ Բոյան Վուչկովիչի հետ, Տիգրան Պետրոսյանը սպիտակներով ուժերը կչափի ռուսաստանցի Իլդար Խայրուլինի հետ: Ավետիք Գրիգորյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Ռյազանցեւը: