Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզական նորություններ

Սպորտ
b1cd05e28084754c1434083de6fc1c47

Արծաթ եւ բրոնզ

 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին երկու մեդալ:

 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հաղթահարելով նախնական փուլի իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց ձյուդոյի հայրենիքի ներկայացուցիչ, ճապոնացի Հիրոֆումի Յամամոտոյի հետ: Մեր մարզիկը, ավաղ, պարտություն կրեց եւ բավարարվեց արծաթե մեդալով:

 66 կգ ձյուդոյիստների մրցաշարում Արմեն Նազարյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտվեց ճապոնացի Յունպեյ Մորիշիտային: 3-րդ տեղի համար մարտում հրազդանցի մարզիկը հաղթեց հունգարացի Ժոլտ Գորյանաչին եւ բրոնզե մեդալ նվաճեց:

 Նույն քաշային կարգում Համբարձում Տոնոյանը պայքարից դուրս մնաց 1/8 եզրափակիչում:

73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանին նույնպես չհաջողվեց հաղթահարել այդ արգելքը, իսկ Արտյոմ Բաղդասարյանը առաջին իսկ մարտում անհաջողության մատնվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:

 Վաղը Հայաստանից հանդես կգա միայն 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, որը կմրցի մոնղոլ ձյուդոիստ Նայդան Տուվշինբայարի հետ:

 

Հաղթեց միայն «Գանձասարը»

 Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերը նախապատրաստվելով նոր մրցաշրջանին հերթական ստուգողական հանդիպումերը անցկացրին արտասահմանյան թիմերի հետ:

 Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» 1:2 հաշվով զիջեց Ռումինիայի առաջնությունում 11-րդ տեղում ընթացող Բիստրիցայի «Գլորիային»` 1:2: Երեւանի «Ուլիսը» խոշոր հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» փոխարինող կազմին` 0:4,  իսկ ահա Կապանի «Գանձասարը» նույն հաշվով հաղթեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի մասնակից «Կռիլյա Սովետովի» 2-րդ թիմին:

 Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Միկան» ստուգողական առաջին խաղում 0:3 հաշվով զիջեց Չեխիայի «Վիկտորիային»: