Միջանկյալ մրցամարտ
Միջին քաշային կարգում IBF տարբերակով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը այժմ հանդես է գալիս 2-րդ միջին քաշում, վաղը կմրցի խորվաթ բռնցքամարտիկ Ստեֆան Բոժիչի հետ: Մեր հայրենակիցը որոշել է Super Six World Boxing Classic-ի շրջանակներում մայիսի 14-ին նախատեսած Անդրե Ուորդի հետ մարտից առաջ 10 ռաունդանոց միջանկյալ մրցամարտ անցկացնել Բոժիչի հետ` լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար:
«Բոժիչը բարձրակարգ բռնցքամարտիկ է: Նա իսկական մարտիկ է, տիրապետում է ուժեղ հարվածների: Լրատվամիջոցները կարծում են, որ մարտը երկրորդական նշանակություն ունի: Սակայն դա այդպես չէ: Այս մրցամարտով ես ցանկանում եմ պարզել, թե որքանով եմ պատրաստ հետագա մարտերին հոգեբանորեն եւ ֆիզիկապես» - ասել է Արթուր Աբրահամը:
30-ամյա բռնցքամարտիկը հայտարարել է, որ Դիրելից ու Ֆրոչից կրած պարտություններից հետո երկար խորհել է եւ լուրջ հետեւություններ արել: «Ես առաջին հերթին չպետք է մարտի ընթացքում պասիվ լինեմ: Այս ուղղությամբ շատ աշխատեմ: Բացի այդ, կարեւոր է, որ մարտերի միջեւ դադարները երկարատեւ չլինեն: Ես մարզիկ եմ, ով ռինգի կարիքն ունի»:
Հավելենք, որ մարտը տեղի կունենա գերմանական Մյուլհայմե քաղաքում, որտեղ հաճախ անցկացվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ: