Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը:

Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական կրթական ծառայությունների ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը: Ըստ այդմ` նշված ծառայությունների համար պարտադիր կդառնա ՀՀ նախադպրոցական կրթության չափորոշչի պահանջների ապահովումը:

Ըստ նոր կարգի` լիցենզավորման ենթակա նախադպրոցական ծրագրերը կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ բովանդակային բաղադրիչների:

Նախադպրոցական ծրագրով կարող են նախատեսվել կազմակերպման հետևյալ ձևերը՝

· պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև,

· խաղային գործունեության տեսակներ,

· օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

 

Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական, շարժողական և ֆիզիկական, հուզակամային և սոցիալ-անձնային զարգացմանը: Ծրագիրը պետք է նաև նպաստի երեխայի աշխարհաճանաչմանը, ինքնուրույնությանը, ստեղծագործական ունակությունների և հնարամտության ձևավորմանը:

 

Նախադպրոցական ծրագրերին ներկայացվող պահանջներն են՝

· համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին,

· կրթության աշխարհիկ բնույթը,

· երեխաների և մեծահասակների փոխգործունեության երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,

· ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը,

· նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղարվեստական զարգացման, ինչպես նաև իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

Ծրագիրը՝ որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում և տևողություն: Ըստ այդմ` ծրագրի տևողությունը կարող է սահմանվել մինչև 4 ժամ, 4-9 ժամ, 24 ժամ` շաբաթվա ընթացքում 2, 3, 5-6 անգամ` ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նաև պահպանել խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության նորմատիվ պահանջները:

Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնելու ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները շահագրգիռ անձիք և ոլորտի կազմակերպությունները կարող են ներկայացնել «e-draft.am» հարթակում՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ