Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սեիդովի ցանկություններով չեմ առաջնորդվում․գերիների խոշտանգման հարցով կարեւոր հանդիպման էի․Վարդանյանը՝ ելույթ չունենալու մասին (տեսանյութ)

«Ցավում եմ, որ պարոն Սեիդովի սպասելիքները չարդարացան, Հայաստանի օրակարգը նրա ցանկություններից կախված չէ»,- «Ա1+»-ին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Այսօր  նա հերթագրվել էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ քննարկմանը ելույթ ունենալու համար։ Երբ  հերթը  հասավ, Վլադիմիր Վարդանյանը դահլիճում չէր։

Այդ պահին Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ ադրբեջանական վարվելակերպի  ու դրա առիթով համապատասխան միջոցներ կիրառելու հարցով կարեւոր հանդիպմանն էի,- հայտնեց պարոն Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ հանդիպումը շատ արդյունավետ էր, ներկայացրել են խոշտանգումների ամբողջական պատկերը, որը դրեւորվել եւ կարող է դրսեւորվել  Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ։

«Ա1+»-ի ճշտող հարցին ի պատասխան նա նաեւ հայտնեց, որ  խոշտանգումները ներկայացնող երեկ տարածված տեսանյութները արդեն  ներկայացվել են եվրոպական կառույցներին։

Վարդան Վարդանյանի բացակայությունը նկատելի չէր դառնա, եթե նախորդող ելույթում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը չաներ այս հայտարարությունը

«Հայաստանից իմ գործընկերները կրկին ասացին, որ այնքան էլ գոհ չեն Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներից։  Երկրից, որը 20 տարի գրավել է իմ երկիրը։  Երկրից, որը դեռևս ականներ է տեղակայում իմ տարածքում։ Բայց ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին։ Գիտեմ, որ հաջորդ զեկուցողը` պարոն Վլադիմիր Վարդանյանը, նորից կխոսի իմ մասին»։

Վլադիմիր Վարդանյանը վերստին շեշտում է՝  Սեիդովի ցանկություններով չի առաջնորդվելու, Թուրքիայի վերաբերյալ իր տեսակետն էլ հայտնի է։ Բացի այդ Հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Ռուստամյանն ու Արմեն Գեւորգյանն էլ այսօր քննարկմանը  անդրադարձել են խնդիրների, որոնք ինքն էլ պիտի մատնանշեր։

Ի դեպ, հենց այդ մատնանշումներն էին զայրացրել Սամադ Սեիդովին։

 Հ․ Գ․ Եթե Վլադիմիր Վարդանյանը հերթագրվածների ցանկում մեկ համար ներքեւ լիներ, նրան ձայն չէր տրվելու՝ ժամանակի սղության պատճառով։