Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_7553
A A
Պաշտոնական Հասարակություն

Անապահով ընտանիքներին աշնանացան ցորենի սերմացու են տրամադրում

Հայաստանում ամենաշատ մշակվող հացահատիկը ցորենն է, սակայն վերջին տարիներին դրա արտադրությունն անշեղորեն նվազում է։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմը խաթարել է ավանդական լոգիստիկ ուղիները՝ խոչընդոտելով արտահանման և ներմուծման գործընթացներին Հայաստանում։

Այս հանգամանքներից ելնելով՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ ՊԳԿ-ի և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների Միասնական հիմնադրամի աջակցությամբ:

Այս նախաձեռնության շրջանակում ՊԳԿ-ն արդեն բաշխել է 151 տոննա աշնանացան ցորենի սերմացու Գեղարքունիքի (Ճամբարակ և Վարդենիս համայնքներ) և Շիրակի (Անի, Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներ) մարզերում։ Բացի այդ, ՊԳԿ-ն շահառու ֆերմերներին տեղեկատվություն և խորհրդատվություններ է տրամադրում աշնանացան ցորենի սերմերի մշակման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչև հոկտեմբերի 10-ը կստանա մինչև 300 կգ օգնություն։

Հայաստանում պարենային անապահովությունը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով. COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունը, Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում պատերազմի հետևանքները, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը ևս խնդիրներ են առաջացրել պարենային անապահով ընտանիքների համար։ Վառելիքի, սերմերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի մատակարարումների խափանումները հանգեցրել են դրանց գների զգալի աճի:

Այս համատեքստում Հայաստանի կառավարությունը հրատապ աջակցություն է խնդրել ՊԳԿ-ից՝ օժանդակելու բարձրորակ ցորենի սերմերի ներմուծմանը` ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով: Ծրագրի նպատակն է արձագանքել այդ մարտահրավերին՝ առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին տրամադրելով բարձրորակ ցորենի սերմեր և ցորենի արտադրության մասին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ծրագրային շահառուներն ընտրվել են կարիքների մանրամասն գնահատման միջոցով: Ցորենի սորտերի և մթերման քանակի մանրամասն ցուցակներն ու բնութագրերը կազմվել են ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն