Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՈ
A A
Պաշտոնական

Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք՝ հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը  2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական դիտավորությամբ Ա. Հայրապետյանի անվամբ կազմել են ընդհանուր 23 կեղծ արձանագրություն, իբրև թե  վերջինս թույլ է տվել «Վարչական  իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ:

2022 թվականի հունիսի 20-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ըստ ընդատության ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով, ճանապարհային ոստիկանության երեք ծառայողները մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում և դատապարտվել տուգանքի՝ 350.000 ՀՀ դրամ չափով՝ զրկվելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք (3) տարի ժամկետով:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ  քրեական գործի նախաքննությամբ ապացուցվել է , որ  Ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների գործընթացի նկատմամբ չեն  ունեցել հետևողական հսկողություն, որի արդյունքում տեսուչները շարունակաբար կեղծ արձանագրություններ են կազմել՝  նպաստելով հանցանքի կատարմանը, հսկող դատախազի կողմից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու  հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները: