Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 2-ը հոկտեմբերի․«Մի հարցրու, մի պատասխանիր»․ Վարդան Օսկանյանը ներկայացնում էր հակամարտության նոր սկզբունքը (տեսանյութ)

Հայաստանում 1997-ի այս օրերին մեծ հուզումներ են ռուսական դպրոցների լինել-չլինելու հետ կապված։Հոկտեմբերի 2-ի քննարկման մասնակիցները նայում են «Լեզվի մասին» օրենքի կողմը եւ տագնապում՝ մենք այլեւս չենք կարող խոսել կալմիկի եւ ուզբեկի հետ։ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը ոչնչով չի կարող մխիթարել։ Հայ ճարտարապետների մեծ մասն աշխատանք չունի, իսկ քաղաքի արտաքին տեսքը ձեռքից գնում է։

1999-ի հոկտեմբերի 2-ին Ճարտարապետի միջազգային օրը հայ ճատարապետները ուղիներ են ման գալիս, Երեւան քաղաքի քաղաքաշինության մեջ նրանք արդեն ոչ մի դեր չունեն։

2000 թվականի հոկտեմբերի 1-ին իշխանությունը միջոցներ է ձեռք առնում կառավարության դեմ բողոքողներին պաշտոնյաներից հեռու պահելու համար։Մարդիկ այստեղ են հավաքվել ՀԴՄ-ները չեղյալ համարելու պահանջով։

2000 թվականի այս օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանառվող նոր սկզբունքին՝ «Մի հարցրու, մի պատասխանիր»։ Նա գտնում է, որ պետք չէ հստակեցնել Ղարաբաղի իրավական կարգավիճակը։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց պատրաստվում են կանգնեցնել քանդակագործ Արա Շիրազի հեղինակած Անդրանիկ Զորավարի հուշարձանը։ Շիրազն ասում է, որ սփյուռքահայ բարերարի տված 70 հազար դոլարը չբավականացրեց, Կապուտիկյանը գիտի, թե ինչու։ Երեւանի օղակաձեւ զբոսայգին ապրում է իր կուսական կանաչի վերջին օրերը, այն գրեթե ամբողջապես մտնելու է բետոնե կառույցների տակ։ Քաղաքապետարանի որոշմամբ այստեղ կառուցապատվելու են մանկական խաղահրապարակներ եւ սրճարաններ։ 2001-ի հոկտեմբերի 2-ին քաղաքապետարանում այգին կառուցապատելու 26 հայտ է ներկայացվել։

2001-ի այս օրերին կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը կասկածվում է Ռոբերտ Քոչարյանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ։ Քրեական գործ է հարուցվել այն փաստով, որ գողության համար դատապարտված ոմն Հարություն Գրիգորյան, որը հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետ նույն խցում է եղել, 50 հազար դոլարի դիմաց պետք է հայտարարեր, որ 27-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ «Առերեսման ժամանակ Հարությունը հրաժարվել է իր այդ հայտարարությունից»,-ասում է Սաղաթելյանը։ Կվաշնինի ներկայությամբ հակաօդային պաշտպանության Ս-300 համակարգն անցնում է մարտական հերթապահության։ Հայ-թուրքական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռու տեղակայված այս համակարգը կարող է խոցել 150 կիլոմետր շառավիղով ցանկացած օդային նպատակակետ։ Ի դեպ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում զբոսնող Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը շարքային զինվորների հետ զրույցի ընթացքում զարմանքով տեղեկանում է, որ զորամասը սնվում է Ռուսաստանից ուղարկված պահածոներով։ Անմիջապես կապվում է Մոսկվա՝ թողնել պահածոների ներմուծումը եւ անցնել հայկական մսի սպառման։ 2002-ի հոկտեմբերի 2-ին ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարանում հայտարարում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը մյուս տարվա նախագահի ընտրություններում։ Նա դատարանից պահանջում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրեն թույլատրել հանդիպել իր հոր հետ, որին էլ գրավոր լիազորելու է կազմակերպել իրեն «ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու գործընթացը»։

2008-ի այս օրը Սերժ Սարգսյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին, որում ասում է. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել: Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղի կառուցվել: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու»։

2009-ի այս օրը «Միացում» նախաձեռնության անդամները սթափության նամակ են հանձնում Ղարաբաղի ներկայացուցչությանը, որով նրանց կոչ են անում կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները։ Լսելով «խարակիրի» բառը՝ կարգ ու կանոնի պատասխանատու Վալերի Օսիպյանը մտնում է իր տարերքի մեջ։