Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ընթերցասերների հետաքրքրությունը պայմանավորված է վերջին երեք տարվա ապրումներով․ գրքի փառատոն Երեւանում

Ավելի քան 35 հայկական և արտասահմանյան առաջատար հրատարակչություններ՝  մի հարկի տակ։

Գրքի շնորհանդեսներ, քննարկումներ ու հանդիպումներ գրողների հետ և, որ ամենակարևորն է գրքասերները կարող են ցանկացած գիրք ձեռք բերել 25-ից 40 տոկոս զեղչով։

Այսօր մեկնարկեց Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը, որը կտևի երեք օր՝ ներառյալ հոկտեմբերի 2-ը։ Միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանի գրողների միությունում։

 Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Շնորհանդեսների շարքում իր երկու նոր հրատարակությունները կներկայացնի նաև «Վերնատուն» հրատարակչությունը։ Այսօր «Զանգակ» գրատանը տեղի կունենա Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրավեպի շնորհանդեսը, իսկ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի գետնահարկի սրահում՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը» գրքի շնորհանդեսը։

«Վերնատուն» հրատարակչության լույս ընծայած գրքերի շարքում առանձնանում է «Անհատներ» մատենաշարը՝ Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը», Մոնթեի «Պայքարելու իրավունքը», ինչպես նաև Չարենց, Վիլյամ Սարոյան, Ենգիբարով ու Չապլին։

Արշիլ Գորկու «Կենսագրավեպը» կհամալրի այդ շարքը։

«Ընթերցասերների հետաքրքրությունը հատկապես այս մատենաշարի հանդեպ, կարելի է ասել, պայմանավորված է նաև վերջին երեք տարվա մեր ապրումներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց հրատարակչության ներկայացուցիչ Անի Տոնոյանը։

Նա  ուրախալի է համարում փաստը, որ հատկապես երիտասարդներն են գնում այս գրքերն ու անգամ հետաքրքրվում, թե երբ լույս կընծայվի հաջորդը։

«Վերնատան» գրադարակում առանձնանում է  «Արարատ» լուսանկարչական պատկերագիրքը՝ համեմված տարբեր հեղինակների քառատողերով, որի ընտրությունը հրատարակչության խմբագիր Արմեն Սարգսյանին է։

Մանկական գրականության ևս ինքնատիպ նմուշ է ցուցադրված՝ լատվիական հեքիաթների ընտրանին։

 Ինչու՞ հենց լատվիական՝ հարցին  ի պատասխան Անին ժպտում է․ «Քանի որ շուկայում լատվիական գրականություն գրեթե չկա։ Եթե ուշադիր նայեք մեզ մոտ լատվիերենից թարգմանած այլ գրքեր էլ կտեսնեք։ Որոշել ենք բացահայտումներ անել»։

Ներկայացված է նաև գրականություն բիզնեսի վերաբերյալ, օրինակ Ստեֆըն Քովիի «Վստահության արագությունը՝ միակ բանը, որ փոխում է ամեն ինչ», կամ «Ռոքվելերը»։

«Այս գրքերն  էլ այն մասին են, թե ինչպես աշխատել միլիոն և կարևորը՝ ինչպես  պահպանել այն»,-  զրույցը կատակով եզրափակեց Անին։