Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+irlandia - armenia
A A
Սպորտ

Այսօր՝ Իռլանդիա – Հայաստան. երկու թիմերի վերջին հնարավորությունը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր երեկոյան կանցկացնի իր վերջին հանդիպումը Ազգերի լիգայի 2023թ խաղարկության շրջանակում: Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում մեր ընտրանին կհանդիպի Իռլանդիայի ազգային թիմի հետ.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկրորդ անգամ է իր թիմին ուղղորդում Ազգերի լիգայում: Առաջինում նրան հաջողվել է իր խմբում զբաղեցնել 1-ին տեղը և մեկ քայլ առաջ շարժվել: Սակայն, իսպանացի մասնագետն այսօր արդեն պայքարում է Ազգերի լիգայի B լիգայում իր տեղը պահպանելու համար:

Հայաստանի հավաքականը հինգ տուրից հետո վաստակել է 3 միավոր և իր խմբում զբաղեցնում է վերջին՝ 4-րդ տեղը: C լիգայից խույս տալու համար հարկավոր է միմիայն հաղթանակ, քանի որ 3-րդ հորիզոնականում ընթացող Իռլանդիայի ընտրանին մեկ միավոր շատ ունի:

Ի դեպ, 11 տարի առաջ կայացած Իռլանդիա – Հայաստան հանդիպումը նույնպես կարևոր նշանակություն ուներ երկու թիմերի համար: Այն ժամանակ թիմերը պայքարում էին Եվրոպայի 2012թ առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Վերջին խաղից առաջ Իռլանդիայի հավաքականն ուներ 18, իսկ Հայաստանի հավաքականը 17 միավոր: Հաղթելու դեպքում մեր թիմը կզբաղեցներ 2-րդ տեղը և առաջին անգամ կմասնակցեր անցումային փուլին: Ավաղ, հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1, և Հայաստանի հավաքականը բավարարվեց 3-րդ տեղով: Իռլանդիայի ընտրանին անցումային խաղերում պարտության մատնեց Էստոնիայի հավաքականին և մտավ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ:

Այսօրվա խաղը մարզական առումով նույնպես մեծ նշանակություն ունի, քանի որ հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրո-2024-ի վիճակահանության ժամանակ թիմերը զամբյուղներում բաշխվելու են հենց Ազգերի լիգայում ցույց տված արդյունքներով:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղը կայացել էր հունիսի 4-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Էդուարդ Սպերցյանի հեռահար հարվածով խփած միակ գոլը հաղթանակ էր բերել տանտերերին:

«Կրասնոդարի» ֆուտբոլիստն որակազրկումից հետո կրկին պատրաստ է օգնելու իր թիմին: Արդյոք նրան կամ իր խաղընկերներին կհաջողվի տոնել երկրորդ հաղթանակն ընթացիկ մրցաշարում, պարզ կդառնա խաղից հետո:

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Այն կցուցադրվի Հանրային հեռուստաալիքով: