Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ռուսաստանցի Ումար Կրեմլյովը Երևանում հաստատվեց IBA-ի նախագահի պաշտոնում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր անցկացվեց Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ համաժողով:

Օրակարգում դրված էր մեկ հարց. անցկացնե՞լ IBA-ի նախագահի նոր ընտրություններ, թե ուժի մեջ թողնել մայիսին Ստամբուլում կայացած նախագահական ընտրության արդյունքները: Այն ժամանակ ֆեդերացիայի նախագահ էր վերընտրվել Ումար Կրեմլյովը: Սակայն, մի շարք ազգային ֆեդերացիաներ բողոքարկել էին այդ ընտրության արդյունքները, քանի որ համաժողովը թույլ չէր տվել ընտրությանը մասնակցել նախագահի երկրորդ թեկնածուին` նիդեռլանդցի Վան դեր Վորստին, որը խախտել էր քարոզարշավի կանոնները:

Եվ ահա, Երևան ժամանակ 99 ֆեդերացիաների պատվիրակները, ինչպես նաև օն-լայն տարբերակով մասնակցող 53 ֆեդերացիաների ներկայացուցիչները, պետք է որոշեին, արդյոք հարկավոր է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, թե ուժի մեջ թողել նախորդի արդյունքները:

Հարկ է նշել, որ համաժաղովը բավական երկար տևեց: Նախ ձայների առաջին փորձնական հաշվառման ժամանակ շարքից դուրս եկավ էլեկտրոնային հաշվառման համակարգը: Այն վերականգնելու համար պահանջվեց մոտ մեկ ժամ:

Այնուհետև ելույթներ ունեցան 24 տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ, որոնք բաժանվել էին երկու խմբի: Մի մասը նշում էին, որ հարկավոր է անցկացնել նոր ընտրություններ, որպեսզի այն լինի թափանցիկ ու դեմոկրատական, իսկ մյուսները կարծում էին, որ Ստամբուլում կատարած իրենց ընտրությունը չպետք է փոփոխության ենթարկվի:

Եվ ահա, եկավ ընտրության պահը: Քվեարկությանը մասնակցած 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներից 106-ը դեմ էր նոր ընտրություններին: Կողմ էին քվեարկել 36 պատվիրակներ, իսկ 4-ը ձեռնպահ էին մնացել: Ավաղ, ընտրության էլեկտրոնային համակարգով հնարավոր չէր որոշել ձայների աշխարհագրությունը: Սակայն, հարկ է նշել, որ աֆրիկյան և արաբական բոլոր երկրների ներկայացուցիչները հիմնականում պաշտպանում էին Ումար Կրեմլյովի թեկնածությունը:

Այդպիսով, Ռուսաստանը ներկայացնող Ումար Կրեմլյովի ևս չորս տարով կղեկավարի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան: Համաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսին «Ա1+»-ի այն հարցին, թե որն է ներկայիս սիրողական բռնցքամարտի գլխավոր խնդիրը, IBA-ի նախագահն ասաց.

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մեր մարզիկներն ու ազգային ֆեդերացիաներն ոչ մի բանի կարիք չունենան: Մենք այժմ աշխարհի 10 լավագույն ֆեդերացիաներից մեկն ենք, սակայն ցանկանում ենք էլ ավելի մեծ առաջընթաց ապահովել և հասնել նոր բարձունքների», - ասաց Ումար Կրեմլյովը:

Նշենք, որ սա առաջին դեպքն է, որ Հայաստանում անցկացվեց միջազգային սպորտային ֆեդերացիայի համաժողով: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այն կազմակերպելու ցանկություն էին հայտնել նաև ևս

չորս երկրներ, այդ թվում Թուրքիան, սակայն IBA-ի ղեկավարությունը նախապատվությունը տվել էր Հայաստանին: