Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս տարվա վերջին տնային խաղում 0:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց: Խայտառակ ենք անվանում, քանի որ մեր ֆուտբոլիստները պարզապես չպայքարեցին, «չկռվեցին» նման խոշոր հաշվով պարտությունից խույս տալու համար: Ավելին, որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, նրանք էլ ավելի անօգնական և հուսալքված տեսք ունեին:

Այնպիսի տպավորություն էր, որ կրկին ներկա ենք գտնվում մեկ տարի առաջ կայացած Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա խաղին, որտեղ մեր թիմը նույնպես անատամ ֆուտբոլ ցուցադրեց և շատերի համար 0:5 հաշվով անսպասելի պարտություն կրեց: Ավա, դրանից հետո ոչ մեկը հետևություն չարեց: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չտվեց, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անգամ վստահեց իսպանացի մասնագետին: Արդյունքում, ստացանք այն, ինչ որ պետք է ստանայինք. 6 պարտություն 8 խաղում, այդ թվում 5 խոշոր հաշվով:

Այս խաղից հետո էլ Խոակին Կապառոսը հրաժարական չտվեց` նշելով, որ պայմանագրի ժամկետն ավարտվելու է նոյեմբերի 30-ին: Ինչ վերաբերում է հերթական խոշոր հաշվով պարտությանը,ապա իսպանացի մասնագետը դա բացատրեց մրցակցի բարձր կարգով. 5 գրոհ, 5` խփված գոլ (ըստ վիճակագրության, ուկրաինացիները 17 հարված են կատարել մեր դարպասի ուղղությամբ):

Ինչևէ, Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Բ լիգայի ընտրական խաղում և վաստակած 3 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին` 4-րդ տեղը:

Վերջին, 6-րդ տուրի հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 27-ին: Այդ օրը մերոնք Դուբլինում կհանդիպեն Իռլանդիայի ընտրանու հետ, որին 1:0 հաշվով հաղթել է Երևանյան խաղում: