Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցելու է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով:

 

․․․․․․․․․․․․․․

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհից և դրան հաջորդած պայթյունից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:

 

ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն:

Որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներում ներգրավված են եղել ՀԿԽԸ Երևանի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերի աղետներին արձագանման թիմերը, որոնք իրականացրել են հերթափոխ՝ աշխատանքների 24-ժամյա շարունակականությունն ապահովելու նպատակով: Ներգրավված թիմերի 43 անդամներն ունեցել են համապատասխան պատրաստվածություն և գույք՝ ԱԻՆ Փրկարար ծառայությանը մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար:

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:

Արձագանքի ընթացքում Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:

ՀԿԽԸ կամավորներն արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին և ոստիկաններին, տարածքում գտնվող քաղաքացիներին, տուժածների հարազատներին տրամադրել են ջուր (ավելի քան 1000 շիշ), չոր սնունդ (ավելի քան 500 անձի), սառը սուրճ (մոտ 600 բաժակ), փրկարարական ձեռնոցներ (100 զույգ), դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (մոտ 5000 անձի):

Դրանից բացի տարբեր անհատներ և կազմակերպություններ նվիրաբերել են ավելի քան 1500 շիշ ջուր, մոտ 500 բաժակ սառը սուրճ, չոր սնունդ, քաղցրավենիք և 100 զույգ փրկարարական ձեռնոց, որոնք նույնպես տեղում բաշխվել են ՀԿԽԸ կամավորների միջոցով:

Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ հրահանգով ավարտել է իր առաքելությունը "Սուրմալու" առևտրի կենտրոնի տարածքում:

 

 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց