Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եռաբլուրում բերման ենթարկել
A A
Պաշտոնական

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խստորեն դատապարտում է այս վայրագ գործողությունները

Այսօր, Հայաստանի անկախության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության վայրագ դրսևորումներով ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնց մեջ մեծամասնությունը սևազգեստ մայրեր էին։ Ընդ որում, ոստիկանության բռնի գործողությունները ուղեկցվել են կանանց ոտքերից ու ձեռքերից քարշ տալու անպարկեշտ տեսարաններով, ինչպես նաև նրանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։

Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ուժ է կիրառում սևազգեստ մայրերի նկատմամբ։ Հաճախ որդեկորույս մայրերը բռնությունների էին ենթարկվում պետական շենքերի դիմաց ակցիաներ կազմակերպելու համար։ Սակայն, այս անգամ նրանք բռնի կերպով հեռացվեցին իրենց որդիների շիրիմների տարածքից, որպեսզի իշխանություն ունեցողները այցելեն «Եռաբլուր»։

Այսօր, երբ երկրի սահմաններին տեղի է ունենում լայնածավալ բռնություն և պանթեոնում նոր շիրիմներ են ավելանում, առանց այդ էլ մեծ լարում ու տագնապ ապրող մայրերը ենթարկվում են հարձակման՝ արդեն ոստիկանության կողմից։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խստորեն դատապարտում է այս ծայրաստիճան անընդունելի, վայրագ գործողությունները և պահանջում․

 

● ՀՀ ազգային ժողովից - հանդես գալ սույն բռնարարքները դատապարտող և բացառող դիրքորոշմամբ։

● ՀՀ ոստիկանությանից - բացառել ուժի ցուցադրության, նվաստացման ու բռնության ցանկացած դրսևորում սգավոր մայրերի և հարազատների նկատմամբ։

● ՀՀ դատախազությունից - հետևողական լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից կատարված բռնարարքների վերաբերյալ փաստերի հավաքագրման, որոնք ֆիքսված են տեսախցիկներով և սփռված համացանցում, և քրեական գործերի հարուցման ուղղությամբ։

Հայաստանի հանրապետության անկախության օրը բռնության մերժման, և ոչ թե ցուցադրման օր է։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ամեն ինչ անել՝ առանց բռնության երկիր կերտելու ճանապարհին։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա